Տիմատին կվասի շշով պատահմամբ կոտրել է երկրպագուհիներից մեկի քիթը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին Եկատերինբուրգում համերգի ժամանակ կվասի շշով պատահմամբ կոտրել է դահլիճում գտնվող երկրպագուհիներից մեկի քիթը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` համերգի կազմակերպիչները բանակցություններ են վարում տուժած աղջկա ներկայացուցիչների հետ դրամական փոխհատուցում տալու շուրջ:
Տիմատիի համերգը տեղի է ունեցել հունիսի 2-ին: Ելույթի ժամանակ ռեփերը կվասի կես լիտրանոց շշեր է նետել հանդիսատեսի ուղղությամբ: Ականատեսների խոսքով` երգիչը դա շատ զգույշ էր անում, սակայն շշերից մեկը սահել է հանդիսականներից մեկի ձեռքերի միջով ու դիպել նրա կողքին կանգնած աղջկա դեմքին:
Նշվում է, որ տուժածը մինչև վերջ դիտել է համերգը, սակայն տուն վերադառնալուց հետո նրան ստիպված են եղել հոսպիտալացնել: Բժիշկները նրա մոտ քթի կոտրվածք և ուղեղի ցնցում են ախտորոշել:
Կազմակերպիչների խոսքով` աղջիկը դեռևս ոչ մի բողոք չի ներկայացրել: Բանակցություններ են տարվում ինչպես աղջկա ծնողների, այնպես էլ Տիմատիի հետ:
Ի դեպ, աղջկա ծնողները ընդհանրապես հերքում են պատահածը` պնդելով, որ իրենց դուստրը նման միջոցառումների չի հաճախում:











