Ուրցաձորի «դաչնիկները» գյուղի խմելու  ջրագծի վրա են «հարձակվել».  գյուղի բնակիչ

20:20 • 10.06.16

Ուրցաձորի «դաչնիկները» գյուղի խմելու  ջրագծի վրա են «հարձակվել».  Tert.am-ին տեղեկացրեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչ Վարդան Ա.-ն , որի անուն ազգանունը   վերջինիս խնդրանքով ու անվտանգության նկատառումներով Tert.am-ը փոխել է:

«Մեր գյուղից վերև, խմելու ջուրը, որ գալիս ա, «դաչնիկները» իրենց համար, իրենց հաճույքների համար ճոխություններ են անում, արդեն հարձակվել են ջրագծի վրա… մի հոգի, որ սկսեց բոլորը միանալու են, մի 4-5 հոգի կան արդեն»,- ասաց նա:

Այս «դաչնիկների» թվում են, ըստ ուրցաձորցու, ոմն կադաստրի աշխատող, էլեկտրացանցի ինժեներ, ԱԱԾ-ի ինչ-որ աշխատակից:

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ ամառանոցները տեղակայված են շատ ավելի բարձր, քան գյուղի տները, մայր խողովակին «կպնելու» դեպքում, իրենք պարզապես խմելու ջուր չեն ունենա:

«Տանելու են իրենց «դաչեք», որտեղ ոռոգման ջուր կա, խմելու ջուրն է մնում, եթե մեզ հերիքեր՝ լավ, բայց  տեղից գյուղում  մեզ  չի հերիքում, սաղ օրը վեճ ա… հազիվ ենք յոլա տանում»,- ասաց ուրցաձորցին:

Ըստ նրա` գյուղն իր հույսը դրել է Գողթի ու Գառնու նախադեպերի վրա, ինչպես նաև՝  լրատվամիջոցների:

«Պիտի հավաքվենք մեր ապրելու համար, էլ ուրիշ ելք չկա, տեսա՞ք Գառնիի, Գողթի ժողովուրդը պայքարեցին, որ արդյունքի հասնեն»,- ասաց նա։

Հնարավոր է, որ վաղը գյուղում  բողոքի ակցիա իրականացվի:

 

 

 

 

Ուրցաձորի «դաչնիկները» գյուղի խմելու  ջրագծի վրա են «հարձակվել».  գյուղի բնակիչ