Այս տարի և՛ ծիրանի, և՛ կարտոֆիլի լավ բերք է լինելու. Սերգո Կարապետյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կասյան փողոցում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցրտահարության և կարկտահարության հասցրած վնասներին, ասաց, թե ցրտահարությունն այդքան սաստիկ չի եղել, իսկ ապրիլ ամսվա վերջերի և մայիսի սկզբի կարկտահարությունը որոշակի վնասներ հասցրել է:
«Կարկուտ ամեն տարի լինում է, կարկտից խուսափել չի լինում: Իհարկե՛, պայքար կազմակերպում ենք դրա դեմ, ռիսկերը նվազեցնելու համար թվով 500 հակակարկտային կայաններ կան, որոնք աշխատում են, սակայն չենք կարող խուսափել նաև կորուստներից»,-ասաց Սերգո Կարապետյանը՝ միաժամանակ նշելով, որ կորուստներն այն չափի չեն, որքան եղել են անցյալ տարվա ընթացքում:
Նախարարն ասաց, որ մասնագետները կարկտահարված համայնքներում ուսումնասիրություններ են կատարում, որոշ ժամանակ անց արդեն գնահատականներ կտրվեն կորուստների վերաբերյալ:
Այդուհանդերձ, նախարարն ասաց, որ մոտ 5000 հա-ի վնաս եղել է, որից 1500 հա-ն պտղատու այգիներ են, 1000 հա-ն՝ խաղողի այգիներ, 880 հա-ն՝ բանջարանոցային մշակաբույսեր, 400 հա-ն բոստանային մշակաբույսեր:
«Կորուստները կազմում են 20-50 տոկոսի սահմաններում»,- ասաց նախարարը:
Հարցին, թե այս տարվա ընթացքում 1000 դրամից էժան ծիրան հնարավոր կլինի գնել, Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Այսօր 1000 դրամով են վաճառում, մի քանի օր հետո անպայման գինն իջնելու է: Այսօր նույնիսկ 800 դրամով ծիրան կա: Բավական ծիրանի քանակ ունենք»:
Ինչ վերաբերում է կարտոֆիլի բերքին, գյուղատնտեսության նախարարն ասաց, որ անցած տարվանից մոտ 700 հա-ով ավելի կարտոֆիլ են ցանել, և այս տարի ավելի շատ կարտոֆիլ է լինելու:
«Վաղահաս կարտոֆիլի արտահանումն արդեն սկսվել է: Մենք արդեն պայմանավորվածություն ունենք արտահանող կազմակերպությունների հետ, մեծաքանակ արտահանում է իրականացվելու, որովհետև ծավալները բավականին շատ են»,- նշեց Սերգո Կարապետյանը:










