Բակո Սահակյանը Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը

10:20 • 11.06.16

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետևանքներին և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում հանդիպման կազմակերպիչներին՝ նշելով, որ այն օգտակար  և պահանջված է, հատկապես՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակաշրջանում:

Ամփոփելով Արցախի պատվիրակության այցը Բելգիա, Բակո Սահակյանն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ և փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ: