Արկադի Ղուկասյանին «ընդհանրապես չի հետաքրքրում» իր դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի վերադարձը

15:01 • 12.06.16

 

Այսօր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան հիշատակը հարգելու էր եկել նաև ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարիներ առաջ մեղադրվում էր նրա դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

Այսօր Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սամվել Բաբայանի վերադարձը, Ղուկասյանը պատասխանեց. «Ինձ էդ հարցը ընդհանրապես չի հետաքրքրում»: Թե ինչու չի հետաքրքրում, Ղուկասյանն ասաց. «Դե, ձեզ հետաքրքրում է, ինձ չի հետաքրքրում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ղուկասյանը հավակնո՞ւմ է ԼՂՀ հաջորդ նախագահի պաշտոնին, քանի որ նման խոսակցություններ են շրջանառվում: «Դա անլուրջ խոսակցություն է, որովհետև դրա մասին, ընդհանրապես, խոսք չի եղել»,-հայտարարեց ԼՂՀ նախկին նախագահը: Հստակեցմանը, թե արդյոք չունի որևէ ցանկություն այդ պաշտոնի հետ կապված, ասաց. «Ես ունեմ շատ ցանկություններ, բայց այդ պաշտոնի մասին, ընդհանրապես, չեմ մտածել: Ես համարում եմ, որ երկու անգամ նույն գետը մտնելը երևի էդքան էլ ճիշտ չի»:

Tert.am-ի հարցին, թե հնարավոր է իրեն այլ պաշտոն են խոստացել Հայաստանում, ասաց. «Ընդհանրապես ինձ որևէ մեկը պաշտոն չի խոստացել: Առաջին հերթին ես պիտի էդ ցանկությունն ուենենամ»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինքը կո՞ղմ է Ղարաբաղի սահմանադրական բարեփոխումներին: «Էդ հարցն ուղղեք Ղարաբաղի ղեկավարությանը: Ես համարում եմ, որ դա Ղարաբաղի ժողովրդի և իշխանության խնդիրն է»,-ասաց ԼՂՀ նախկին նախագահը:

 

   

Արկադի Ղուկասյանին «ընդհանրապես չի հետաքրքրում» իր դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի վերադարձը