ՈւԵՖԱ-ն նախազգուշացրել է ՌԴ-ի և Անգլիայի հավաքականներին «Եվրո-2016»-ից հեռացվելու հավանականության մասին
Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) նախազգուշացրել է, որ Ռուսաստանի և Անգլիայի հավաքականները կարող են հեռացվել «Եվրո-2016» առաջնության մասնակիցների շարքից, եթե երկու երկրների երկրպագուները կրկին ներգրավվեն զանգվածային անկարգությունների կազմակերպման գործում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջում:
«ՈւԵՖԱ-ի գործադիր հանձնաժողովը երկու ֆուտբոլային ասոցիացիաներին նախազգուշացրել է, որ անկախ կարգապահական մարմինների կայացրած ցանկացած որոշումներից զատ ՈւԵՖԱ-ն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել Անգլիայի և Ռուսաստանի Ֆուտբոլային ասոցիացիաների նկատմամբ, այդ թվում հավաքականների հեռացումը մրցաշարից, եթե նմանօրինակ բռնկումներ կրկնվեն», -ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին 1:1 հաշվով ավարտված Անգլիա-Ռուսաստան հանդիպումից հետո ռուս երկրպագուները ներխուժել են անգլիացի երկրպագուների տրիբունաներ, հարձակվել մի քանիսի վրա, փորձել պատռել դրոշներն ու անգամ կրակ արձակել ազդանշանային ատրճանակից: Շաբաթ երկրպագուների միջև տեղի ունեցած փողոցային բախումների հետևանքով 31 մարդ էր տուժել:










