Լևոն Զուրաբյանի և Բարսեղ Բեգլարյանի առանձնատներից գողություն կատարելու կասկածյալները նույն անձինք են
Հունիսի 10-ին քաղաքացիներ Շողեր Մաթևոսյանի և Սեդա Մելիքսեթյանի /ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և գործարար Բարսեղ Բեգլարյանի կանայք Tert.am/ առանձնատներից հափշտակություն կատարելու առթիվ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ դրանք իրականացվել են նույն խմբի անձանց կողմից, երեք անձ ձերբակալվել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ 3 տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:










