«Արմֆոնին» դիպել են հայ ինժեներների ձեռքեր. ընկերության ներկայացուցիչը առաջին հայկական սմարթֆոնի մասին

21:05 • 14.06.16

Այնպես չէ, որ մի օր արթնացանք, որոշեցինք հեռախոս արտադրել. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության փոխնախագահ Լևոն Գալստյանը՝ խոսելով վերջին շրջանում քննարկման թեմա դարձած իրենց արտադրանքի՝ «Արմֆոն» հեռախոսների մասին։

Նա պատմեց, որ հեռախոսի պահանջարկը հիմնականում եղել է բիզնես կազմակերպությունների կողմից, բայց այսօրվա արտադրանքը ձգտել են հարմարացնել բոլոր սպառողների  ցանկություններին։ Ըստ նրա՝ այս պահին նրանք աշխատում են տաքսու ընկերությունների հետ, արդեն մի քանիսի հետ բանակցություններ են վարում. «Անընդհատ պահանջարկ է եղել, գրում են, պահանջում են։ Մենք փորձեցինք ստեղծել մոդելներ, որոնք գին-որակ հարաբերակցությամբ լինեն համատեղելի։ Մենք հիմա մտել ենք շուկա, և որոշակի  ժամանակ է պետք, որ վերլուծենք։ Այն մոդելներով, որոնցով մտել ենք շուկա, փորձել ենք թիրախավորել բոլոր հնարավոր գնորդներին, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունք կլինի»,-ասաց Լևոն Գալստյանը՝ նշելով, որ հետագայում նախատեսում են ընդլայնել իրենց սպառման շուկան, դուրս գալ մարզեր և գուցե անցնել ցանցային վաճառքի։

Այս պահի դրությամբ՝ ընկերությունն արտադրանքի վաճառքից գոհ է։ Փոխնախագահը հեռախոսի առանձնահատկությունն է համարում այն, որ «Արմֆոնին կպել են հայ ինժեներների ձեռքեր, «Արմֆոնի» նախագծմանը մասնակցել է հայ ինժեներական միտքը, «Արմֆոնը» նախագծված և արտադրված է Հայաստանում»։

Անդրադառնալով եղած քննադատություններին՝ Լևոն Գալստյանն ասաց, որ սովետական տարիներից մնացած մենթալիտետ է՝ դրսի արտադրանքը սիրելն ու ընդունելը, ներսինը՝ թերագնահատելը. «Կարևոր չէր որակը, կարևորը սիրուն տառերով գրված լիներ»։

Հարցին, թե ինչպես են պատրաստվում դիրքավորվել շուկայում, Լևոն Գալստյանը պատասխանեց. «Շուկայում եղած մրցակցների խնդրին մասին չենք ցանկանում մտածել։ Մենք շուկա ենք մտնում և ձևավորում ենք բրենդ»։ Լևոն Գալստյանը նշեց, որ գինն էլ  շուկայում  համեմատաբար էժան է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուկայում եղած հայտնի արտադրանքները նաեւ իրենց գներում բրենդի արժեքն  են ներառում։ 

Հաշվի առնելով, որ  շատ է քննարկվում է այն հարցը, թե ինչու են արտադրանքի ենթամասերը գնվում այլ երկրներից՝  Լևոն Գալստյանն անդրադարձավ արտադրանքի պատրաստման գործընթացին. «Արմֆոնի» մոդելը մշակվել է հայ ինժեներների կողմից, ենթամասերը ներկրվում են Հայաստան տարբեր երկրներից՝ Չինաստան, Թայլանդ և այլն։ Այստեղ կատարվում է հավաքման, թեստավորման, փաթեթավորման պրոցեսը, ծրագրային ապահովման թեստավորումը։ Որևէ խնդիր լինելու դեպքում՝ լուծվում է, նոր արտադրանքը գնում է շուկա»։ 

Նա նորմալ համարեց դրսից ենթամասեր ներկրելը, մատնանշեց, որ  բոլոր հայտնի բրենդներն էլ իրենց ենթամասերի արտադրությունը այլ, հիմնականում ասիական երկրներում են կազմակերպում։

Ըստ Լևոն Գալստյանի՝ իրենք աշխատում են նաև դրսի շուկա դուրս գալ.«Այս պահին մեր գրասենյակում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ են ընթանում, արձագանքներ կան. աշխարհագրությունը շատ լայն է՝ Աֆրիկյան մայրցամաքից, Հարավային Ամերիկայից, Հյուսիսային Ամերիկայից։ Դեռ Ավստրալիայից արձագանք չկա, բայց շուտով դա էլ կլինի։ Ու արձագանքները ոչ միայն սփյուռքահայությունից են, որը որ սպասելի էր, նաև՝ այլ գործարարներից»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ մոդելն իր դիզայնով նման է  հայտնի բրենդների հեռախոսներին, Լևոն Գալստյանը պատասխանեց. «Եթե հեծանիվի անիվները կլոր են, ինչո՞ւ պետք է քառակուսի դարձնենք։ Իրականում տենդենցները շուկայում ցույց են տալիս, որ արդեն այն ընդգծված դիզայնի ֆորմաները, որ գոյություն ունեն, ձեռքի ափն է հաշվի առած կամ մատների հասանելիությունը, չափերը, արդեն չգրված ստանդարտներ գոյություն ունեն»։

Լևոն Գալստյանը կարևորեց պետության աջակցությունը տեղական բիզնեսի զարգացման գործում, նա նշեց, որ իրենց ընկերության ղեկավար Վահան Շաքարյանը միակ ներդրողն է այստեղ, իրենք պետությունից այս պահին միայն բարյացակամությանն են արժանացել.  «Պետությունը պետք է իր բրենդը առաջ մղի, և դա շատ նորմալ է այսօրվա մրցակցության պայմաններում և  չի նշանակում, որ անարդար մրցակցություն է ստեղծվում»։

Լևոն Գալստյանը  կարևորեց պետության աջակցությունը հեռահաղորդակցության, կապի ոլորտներում, որովհետև դրանք ունենք կարևոր և ստրատեգիկ  նշանակություն. «Այդ ոլորտներում մասնագետների պատրաստումը, նման արտադրական խնդիրների լուծումը կարևոր է նաև այլ արտադրանքներ ստանալու համար,  որոնք, Աստված մի արասցե, կարող են անհրաժեշտ լինել  որոշակի իրավիճակներում»։

 

 

 

 

«Արմֆոնին» դիպել են հայ ինժեներների ձեռքեր. ընկերության ներկայացուցիչը առաջին հայկական սմարթֆոնի մասին