Ավստրիայում մտադիր են քանդել տունը, որտեղ ծնվել է Հիտլերը
Ավստրիական Բրաունաու ամ Ինն (կամ Բրաունաու) քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է մարդկության պատմության ամենահայտնի բռնապետերից մեկը` նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը, մտադիր են հողին հավասարեցնել:
Ինչպես նշում է euromag.ru-ն, այս մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
«Ըստ իս` տունը հողին հավասարեցնելը լավագույն լուծումն է»,-ասել է նախարարը` բացատրելով, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ տունը չդառնա նացիստական գաղափարախոսության հետևորդների ուխտատեղի:
Աղբյուրը մանրամասնում է, որ եռահարկ տունը ներկայում պատկանում է Պոմեր ընտանիքին: Տարբեր տարիների այստեղ անցկացվել են դասընթացներ, հետո այն եղել է քաղաքային գրադարան, այնուհետև` սահմանափակ կարողություններով մարդկանց կենտրոն: 2011թ. սկսած տունը որևէ նպատակով չի օգտագործվել, այնուհանդերձ` այն կարելի է վարձակալել ամսական 4.800 եվրոյով:










