Օբաման քննադատել է Թրամփին

09:02 • 15.06.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու մասին, խստորեն քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին` Օռլանդոյի ահաբեկչությունից հետո նրա արտահայտությունների համար:

 

Երկու օր առաջ ամերիկացի միլիարդատերը կոչ էր արել Օբամային հրաժարական տալ:


Երեքշաբթի ԱՄՆ նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հիշեցրել է Թրամփի` մուսուլմանների ներգաղթը ժամանակավորապես արգելելու առաջարկի մասին և հայտարարել, որ նման նախաձեռնությունները կարող են միայն սոցիալական պառակտվածության հանգեցնել և չեն կարող լուծել ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը:



Ընդ որում՝ Օբաման ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունը, իսկ մինչ այդ Սան Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցածն իրականացրել են ամերիկացի քաղաքացիներ: Պետության ղեկավարը վստահեցրել է նաև, որ թույլ չի տա ԱՄՆ-ում մի ամբողջ կրոնական համայնքի խտրականություն, և «ծայրահեղական իսլամիզմ» ձևակերպումը, որն առաջարկում է Թրամփը, չի օգնի խնդրի լուծմանը:

 

Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան Օռլանդո քաղաքում գտնվող Pulse միասեռականների ակումբում հրաձգություն էր իրականացվել, որի հետևանքով զոհվել է 50 մարդ։ 

Օբաման քննադատել է Թրամփին