2-ամյա երեխայի վրա կոկորդիլոսի հարձակումից հետո Disney-ը կվերանայի լճի մոտ տեղադրված ցուցատախտակները
Disney-ը պատրաստվում է վերանայել Ֆլորիդայում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղադրված նախազգուշացնող ցուցատախտակները, որտեղ կոկորդիլոսի հարձակումից 2-ամյա տղա երեխա էր մահացել: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերությունում աղբյուրի:
Երեքշաբթի երեկոյան զբոսայգու տարածքում գտնվող Disney’s Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում կոկորդիլոսը ջուրն էր քաշել-տարել երկու տարեկան երեխայի: Երեխայի հայրը փորձել է նրան օգնել, բայց չի կարողացել: Ինչպես հայտնել է տեղի շերիֆը, երեխան մահացել է խեղդվելու հետևանքով: Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են 2 մետր խորությամբ:
Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը, այդ թվում՝ նախազգուշացնող ցուցատախտակների վերաբերյալ: Հայտնի է, որ լճի ափին տեղադրված են «Լողալն արգելվում է» ցուցատախտակներ, բայց այն մասին, որ ջրում վտանգավոր կենդանիներ կան, նախազգուշացումներ չկան:
Հայտնի է, որ Disney-ը պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ այդ հարցի շուրջ:










