Չինաստանում բացվող ամենաերկար ապակե կամրջի ամրությունը փորձարկել են մուրճի օգնությամբ (տեսանյութ)
Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյացզե ազգային պարկում մեկ ամսից բացվելու է աշխարհի ամենաբարձրադիր և երկար ապակյա կամուրջը, որի անվտանգությունն ապացուցելու համար ջանք չեն խնայում նախագծի կազմակերպիչները:
Ինչպես ներկայացնում է Mashable.com-ը, անվտանգության ստուգումների պատճառը նախորդ տարվա սեպտեմբերին Հենան նահանգում մեկ այլ ապակե կամրջի վրա առաջացած ճաքն էր: Մտավախությունները ցրելու նպատակով Չժանցզյացզե ազգային պարկի ղեկավարությունը հրավիրել է BBC-ի թղթակից Դեն Սայմոնսին «անվտանգության թեսթ» անցկացնելու:
Անվտանգության ստուգման շրջանակներում Սայմոնսը, ապակե վահանակի վրա կանգնած (նույն վահանակից, որից կառուցված է կամուրջը), մուրճով հարվածներ է հասցրել ապակուն:
Չնայած մուրճի հարվածներից ապակու ներսում երևացող բազմաթիվ վտանգավոր թվացող ճաքերին` ապակին անկոտրում ու անվնաս մնաց:
Կամուրջը տեղակայված է երկու ժայռերի միջև` 300 մետր բարձրության վրա: Այն ձգվում է 430 մետր երկարությամբ: Կամուրջը միաժամանակ կարող է 800 մարդու ծանրության դիմանալ:










