Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կերկարաձգվեն. Տուսկ
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները կերկարաձգվեն ևս մի ժամկետով: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
«Կարծում եմ, որ իրավիճակն այժմ պարզ է, և ԵՄ դիրքորոշումն այնպիսին է, որ մենք պետք է կապենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հետ»,- ասել է նա:
«Համոզված եմ, որ մենք կերկարացնենք պատժամիջոցները: Կարծում եմ, որ երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել դեռ Եվրոպական խորհրդի նիստից առաջ: Այսինքն՝ ավելի ցածր մակարդակով»,- ընդգծել է Տուսկը:
Նա հավելել է, որ «այսօր դա այնքան հակասական հարց չէ»:
Սիպիլյան իր հերթին նշել է, որ «այժմ արդեն հասկանալի է, որ պատժամիջոցները կերկարաձգվեն»:










