Անկարան չի ափսոսում խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված միջադեպի համար, բայց վշտացած է. թուրք նախարար

11:45 • 17.06.16

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում անցած տարի խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված միջադեպի համար, բայց «վշտացած է» այդ առնչությամբ, հայտնում է Hurriyet Daily News-ը:

 

«Մենք ափսոսանք չենք զգում, բայց վշտացած ենք: Նրանք (ռուսական կողմը- Խմբ.) նույնպես պետք է վշտացած լինեն: Մենք ենթադրում ենք, որ նրանք նաև վշտացած են թուրքական օդային տարածքը մտադրված խախտելու առիթով»,- հայտարարել է նախարարը:

 

Զեյբեքչիի խոսքով՝ Ռուսաստանն այս իրավիճակում սխալ է եղել, քանի որ իր ինքնաթիռը մնացել է Թուրքիայի օդային տարածքում «13 կամ 14 րոպե»՝ չնայած օդաչուին ուղղված «բազմաթիվ նախազգուշացումներին»:

 

Նախարարը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև կոնֆլիկտը բացասական հետևանքներ է ունեցել երկու կողմերի համար էլ, և առավել խելամիտ ելքն այդ իրավիճակում «հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորելն է»:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

 

 

Անկարան չի ափսոսում խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված միջադեպի համար, բայց վշտացած է. թուրք նախարար