ԸՕ շուրջ համաձայնությունը կոնսոլիդացիա է Սերժ Սարգսյանի շուրջ՝ կիսելու ապագա իշխանությունն ու «ընդդիմությունը». Արմեն Մարտիրոսյան
Խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգություն» կուսակցությունը չի ընդունում երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի ստորագրած փաստաթուղթը և այն կոնսենսուս չի համարում:
«Մենք հայտարարում ենք, որ կոնսենսուս չկա, և այս ԸՕ-ն չի համապատասխանում այն սկզբունքներին, որպեսզի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացվեն»,- այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «4+4+4» ձևաչափը երեկ երեկոյան Ազգային ժողովում ստորագրեց համաձայնության մասին փաստաթուղթ և ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությանը միացան երեք կողմերից երկուսը՝ Հայաստան, ՀՅԴ ու ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ կուսակցությունները, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փաստաթղթի ստորագրմանը չմիացան:
Ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ 4+4+4 ձևաչափով քննարկումներին «Ժառանգությունը» չի մասնակցել, քանի որ իշխանությունը լսում է առաջարկները, սակայն չի ընդունում դրանք:
«Ընդդիմության ու քաղհասարակության համատեղ առաջարկած 5 կետերը փոփոխման ենթակա չէին: Ընտրացուցակների հրապարակման համար մեր կողմից բոլորվին այլ մեխանիզմ էր առաջարկվում: Այս դեպքում դա չկա, ինչ-որ միջանկյալ տարբերակներ են, որը ես չեմ կարծում, որ կարող է ապահովել այն, ինչ մենք ի սկզբանե ասել ենք: Ներկա քաղաքական ուժերից որևէ մեկը լիազորված չի եղել ընդդիմության ու քաղհասարակության հրապարակած 5 կետերից որևէ մեկի բացառման պարագայում ստորագրել: «Ժառանգությունն» ի սկզբանե մասնակից է եղել այդ 5 կետերի ձևավորմանը: Պատվիրակությունները, որոնք մասնակցել են, ընդամենը լիազորված են եղել այդ 5 կետերի անփոփոխ և ամբողջական ընդունման պարագայում խոսել կոնսենսուսի մասին: Ուստի այս պարագայում կոնսենսուս միանշանակ գոյություն չունի: Սա չի խոսում հասարակական կոնսենսուսի մասին»,-ասաց Մարտիրոսյանը:
Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն հետ կանգնեցին նախապես հայտարարած 5 սկզբունքներից ու ստորագրեցին փաստաթուղթը, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, դա Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացիայի շրջանակում է տեղի ունեցել: Փորձում են 2017-ի ընտրությունները ուղղորդված ձևով տանել առաջ: Նման տեսքով փաստաթուղթ ստորագրելով՝ այդ քաղաքական ուժերը ոչ միայն ապագա ընտրակեղծարարության պատասխանատվությունն են վերցրել, այլև փորձել են ապագա իշխանությունը կիսել կամ կիսել խորհրդարանական չակերտավոր ընդդիմությունը»:
Արմեն Մարտիրոսյանը շեշտում է, որ իշխանության կամ Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացիան է այդ ստորագրությամբ երևում և գլխավոր հիմքը Արցախն է՝ Մադրիդյան սկզբունքների ընդունումն ու կյանքի կոչումը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ստորագրման ժամանակ ասել է. «Կարծում ենք, որ սա, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն: Երևի թե առաջին դեպքն է, երբ ՀՀ բոլոր քաղաքական ուժերն, ըստ էության, համաձայնել են: Լուրջ գործ է արվել: Իշխանությունները լուրջ քայլեր են կատարել՝ ընդառաջ քաղաքացիական հասարակությանը, ընդդիմությանը:
Կարծում եմ, որ այս համաձայնագրով ամուր հիմք է դրվում: Համաձայնությունը չի երաշխավորում ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում, դրանք մնում են չլուծված։ Ընտրակաշառքի խնդիրը, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրները չեն լուծվում, բայց ընտրատեղամասերում օրինականության վերսկսման հարցը լուծվում է»:










