Փախստականներ տեղափոխելու համար Հունաստանում 2 ռուս է ձերբակալվել. լրատվամիջոցներ
Հունաստանում Ռուսաստանի դեսպանատունը դեռևս չի հաստատում 2 ռուս քաղաքացիների ձերբակալության մասին լուրը, որոնք կապված են փախստականների անօրինական տեղափոխության հետ, փոխանցում է Интерфакс-ը՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության խոսնակ Վլադիմիր Մայստրենկոյին հղումով:
«Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել այդ տեղեկությունը: Մեր աշխատակիցներն այժմ զբաղվում են դրանով, սպասում են դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկության»,- ասել է նա:
Մայստրենկոն հայտնել է, որ դեսպանատանը չունեն «օբյեկտիվ տեղեկություն, որը կհաստատեր լրատվամիջոցների հաղորդագրությունները»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՌԴ 2 քաղաքացիներ ձերբակալվել են Հունաստանի իշխանությունների կողմից`փախստականներին անօրինական ճանապարհով Միտիլինի կղզի տեղափոխելու համար: Այն ժամանակ նշվում էր, որ 57 ներգաղթյալներով նավը հանգրվանել է կղզու ափերի մոտ:










