Օռլանդոյի հրաձիգը սպանությունների ընթացքում հաղորդագրություններ է ուղարկել կնոջը և սոցցանցերում հետևել իր մասին լուրերին
Ամերիկյան Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում հրաձգություն իրականացրած Օմար Մատինը կարճ հաղորդագրություններ է ուղարկել կնոջը զանգվածային սպանությունների ընթացքում, հայտնում է CNN-ը:
Աղբյուրը նշում է, որ Մատինը կրակոցները սկսելուց 2 ժամ անց փակվել է լոգասենյակում և հաղորդագրության միջոցով հարցրել կնոջը` արդյոք դիտո՞ւմ է նա լուրերը: Դրան ի պատասխան կինը գրել է, որ սիրում է նրան: Ավելի ուշ կինը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ամուսնու հետ, երբ վերջինս դիմադրություն է ցույց տվել իշխանություններին:
Նշվում է, որ Մատինի կնոջը կարող են սպանության մեղադրանքներ ներկայացնել, եթե ապացուցվի, որ նա եղել է ահաբեկչի հանցակիցը:
Հանցագործն ակտիվ է եղել նաև սոցկայքերում: Հաղորդվում է, որ նախքան կրակոցները Մատինը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` «Աբու Բաքր ալ-Բաղդադի Դաշինք»: Ահաբեչության պահին նա սոցկայքում որոնում է կատարել «Pulse Orland» և «shooting» բառերով, հավանաբար, որպեսզի ստուգի` արդյոք միջադեպը հայտնվե՞լ է գլխավոր լուրերում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է մոտ 50, վիրավորվել՝ 53 մարդ:













