ԱԺ-ում 10-ից ավելի նման կուսակցություններ կան, որ իշխանություն վերցնելու կոչերով են հանդես գալիս. ՀՀԿ-ականները Օսկանյանի հայտարարության մասին
Ազգային ժողովում պարոն Օսկանյանի կուսակցության և իր նման 10-ից ավելի գործիչներ ու կուսակցություններ կան, որոնք նման կոչերով հանդես են եկել, այդտեղ նոր բան չկա, և հատուկ ուշադրության կարիք չեմ տեսնում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե «Համախմբում» կուսակցությունը իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացնում:
«Օսկանյանը թող իր կուսակցությունով ընդդիմության դաշտի լիդերների շարքը դասվի, նոր արդեն կխոսենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանն իր ելույթում քննադատեց իշխանություններին, որ ժողովրդին հուսալքության են հասցրել, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, թե Օսկանյանի ներկայությամբ է ինքը ԱԺ-ում պատասխանել կոնկրետ այն քննադատություններին, երբ նա ասել էր, թե վերջին 20 տարում իշխանությունները միշտ ընտրությունները կեղծել են:
«Ես էլ նշեցի, որ վերջին 20 տարվա առաջին 10 տարին ինքը եղել է իշխանության առաջին դեմքերից մեկը. նշանակում է, որ ինքը կեղծված իշխանության ներկայացուցիչ է եղել: Ես այդ իմաստով չեմ հասկանում աժիոտաժը. Օսկանյանի ասելիքը նոր չի, որ ասում է, ու ինքը չի միայն ասում»,-ասաց նա:
«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե բոլորն էլ իշխանություն վերցնելու հայտ ներկայացնում են:
«Որքան հիշում եմ՝ բոլոր կուսակցությունները իշխանությունը վերցնելու և փոխելու հայտ են ներկայացնում»,-ասաց նա և նշեց, թե նոր կուսակցության ստեղծման առթիվ մտահոգվելու կարիք չի տեսնում:
«Չէ, քանի կուսակցություններ կան՝ նման հայտ ներկայացրել են։ Անբնական կլիներ, եթե պարոն Օսկանյանը այդ հայտը չներկայացներ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ի՞նչ կուսակցություն, եթե նման հայտ չի ներկայացնում, բոլորն էլ նման հայտ ներկայացնում են: Հարցին, թե լուրջ չի՞ վերաբերում այդ հայտարարությանը, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր կուսակցություններին»:










