Հռոմի Պապի այցը Հայաստան ջերմության և երախտագիտության նշան է. Կարդինալ Սանդրի

11:07 • 17.06.16

 

Իտալական lastampa.it կայքը հարցազրույց է ունեցել Արևելյան Եկեղեցիների Ժողովի Պրեֆեկտի հետ, ով Հռոմի Պապի՝ Հայաստան այցի մասին ասել է. «Հայաստան այցելությունը կլինի ուխտագնացություն հանուն գթասրտության ու խաղաղության»։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ս.թ. հունիսի 24-26 Հայաստան այցելության նախօրեին հանդիպեցինք Արևելյան Եկեղեցիների Ժողովի Պրեֆեկտ Կարդ. Լեոնարդո Սանդրիի հետ, ով կուղեկցի Քահանայապետին և ով շատ լավ է ճանաչում այս երկիրը։

-Ձերդ Վսեմափայլություն, ո՞րն է Պապի Հայաստան ճանապարհորդության հիմնական առանձնահատկությունը։

-Կարծում եմ, որ այս այցը նախ և առաջ ուխտագնացություն է։ Պապի կողմից դա առաջին հերթին սիրո և հիացմունքի արտահայտություն է դեպի այս հինավուրց Եկեղեցին, որն ունի Քրիստոսի նկատմամբ հավատարմության դարավոր պատմություն, ինչպես նաև նվիրվածության դրսևորում այս երկրի նկատմամբ, որն առաջինը դարձավ քրիստոնյա 301 թ., երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձի բերեց և մկրտեց ողջ ազգը։ Պապն իր հետ կտանի իր երախտագիտությունը և հարգանքը մի ժողովրդի հանդեպ, ով կոփվել է քրիստոնյա ոգով և կարողացել է պահպանել հավատի և սեփական ինքնության արժեքավոր գանձը դարեր շարունակ։ Ոգու այս կորովով է, որ Հայաստանը կկարողանա կառուցել խաղաղ և հուսալի ապագա։

Կարծում եմ նաև, որ այս այցը շատ կարևոր կլինի Սփյուռքի ողջ հայության համար՝ նրանց, ովքեր ապրում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում և բազում այլ երկրներում և ամենուր վառ են պահում այս ազգի մարդկային ու քրիստոնեական արժեքներն ու հարստությունը։ Ֆրանցիսկոսի խոսքն ու օրհնությունը նրանց համար մխիթարություն ու խրախուսանք կլինի։

-Դուք բազմիցս այցելել եք Հայաստան, վերջին անգամ 2015թ., երբ Գյումրիում կատարեցիք Սուրբ նահատակաց եկեղեցու բացումը։ Ի՞նչն է ամենաշատ Ձեզ գրավում հայ ժողովրդի մեջ։

-Այն ինչ ինձ դուր է գալիս այս ժողովրդի մեջ, առաջացնելով իմ խորը հիացմունքը, դա զոհաբերության ոգին է, կյանքի յուրաքանչյուր փուլում՝ լինի դա ազատության կամ հետապնդման ու տանջանքի մեջ, քրիստոնեական ուրույն ոգով ապրելու ունակությունը, մնալով խարսխված Քրիստոսի խաչին։ Խաչի հետ այս կապը շատ լավ արտահայտված է խաչքարերում, որոնք ցրված են ողջ երկրով մեկ, կարծես այդպիսով, կառուցել ու տեսանելի են դարձրել դրա կմախքը։ Հավատի մեջ հաստատակամությունը, նվաստությունը և ծառայելու ոգին Հայաստանի ուժն են, այն որ թույլ է տվել այս մեծ քրիստոնյա համայնքին անցնելու և հաղթահարելու 900-ականների արհավիրքները, որից տուժել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 1,5 միլիոն հայեր։

-Այս մեծ արհավիրքները ի՞նչ դրոշմ են թողել ժողովրդի ոգու և նրա հոգևորականության վրա։

-Հետքը, որ թողել են այս շատ ցավալի իրադարձությունները, անջնջելի են։ Միտս են գալիս հայկական ծիսակատարությունները. ինձ հատկապես տպավորում են երգերը՝ այնքան տանջալի՝ կարծես դուրս են գալիս ժողովրդի ընդերքից։ Դրանք արտահայտում են Աստծո հետ միավորում, երբևէ չհերքված, երբեք չվաճառված մի հավատ՝ տառապանքի թանկ գնով պահպանված։ Սա մի ազգ է, ով լավ գիտի տառապանք կրել։ Սրտիցս ինքնաբուխ աղոթք է ծնվում, երբ մտածում եմ Ֆրանցիսկոս Պապի մասին, ով գնում է սուրբ յուղով մխիթարելու և կարեկցելու հայ ազգին և թող որ այս ողջ ցավը ծնի հույս և ավելի մեծ սեր։

-Ո՞րն է Ձեր կարծիքը Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև ներկայիս հարաբերությունների շուրջ։

-Ես դիտում եմ դրանք շատ եղբայրական և մասնավոր ջերմ։ Կաթոլիկները փոքր թիվ են կազմում երկրում և շնորհակալ պետք է լինենք Տիրոջը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին՝ շնորհի Գարեգին Բ-ի և նրա նախորդի մեծահոգության, թույլ է տվել Կաթոլիկ եկեղեցուն գոյություն ունենալ և լիարժեք ապրել հավատն ու ժողովրդին ծառայելու գթասրտությունը։ Մտածում եմ օրինակ Սպիտակի և Երևանի «Գթասրտության միսիոներ քույրերի» և 1988թ. Կամիլյան հայրերի և «Charles di Foucauld Փոքրիկ քույրերի» կողմից ղեկավարվող և Ս. Հովհաննես-Պողոս Բ-ի կողմից նվիրաբերված Աշոցքի հիվանդանոցի մասին։ Համոզված եմ, որ Ֆրանցիսկոս Պապի այցը երկու Եկեղեցիների միջև էլ ավելի սերտ հարաբերությունների հիմքը կհանդիսանա, եղբայրական, բարեկամական կապերի և առավել ամուր և արդյունավետ փոխաջակցության, որոնք շատ բնագավառներում կտանեն գործնական համագործակցության։

-Կանխատեսու՞մ եք արդյոք, որ Ֆրանցիսկոս Պապն ու Գարեգին Բ ծայրագույն Պատրիարքը և Ամենայն հայոց կաթողիկոսը կպատրաստեն «Համատեղ հայտարարություն», ինչպես դա արեցին 2001թ. Ս.Հովհաննես Պողոս Բ-ն և Գարեգին Բ-ն։

-Ենթադրում եմ, որ նաև այս այցի առիթով կմշակվի Համատեղ հայտարարություն, ուր կշեշտվի և կհաստատվի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ընդհանուր հավատքը և կարտահայտվի մեր միջև միշտ ավելի եղբայրական կապեր հաստատելու ցանկությունն ու կամքը։

-Կարծու՞մ եք արդյոք, որ Ֆրանցիսկոս Պապի այցը ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինկի Խմբի վրա, որոնց միջնորդությամբ մինչ օրս փորձել են, առանց արդյունքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հակամարտությանը լուծում գտնելու հարցում։

-Կարծում եմ, որ այս այցն, անկասկած, առիթ կհանդիսանա վերահաստատելու և խրախուսելու յուրաքանչյուր մարդկային համայնքի առանցք հանդիսացող արժեքները. ուժի, զենքի կիրառումից հրաժարումը, որոնք մեծ ցավ են առաջացնում և դիվանագիտական, երկխոսության, հանդիպումների, բանակցությունների ճանապարհով խաղաղություն հաստատելու հետևողականությունը։ Կարծում եմ, որ Հայաստան այցելության ընթացքում, որը Կովկասի տարածաշրջան այցի առաջին փուլն է (սեպտեմբերին Պապը կմեկնի Վրաստան և Ադրբեջան) առիթները չեն պակասի խաղաղություն հաստատելու կոչեր անել և խրախուսել գործելու այնպես, որպեսզի Կովկասը դառնա այն ինչ վերապահված է նրան աշխարհագրորեն՝ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։

 

 

 

 

Հռոմի Պապի այցը Հայաստան ջերմության և երախտագիտության նշան է. Կարդինալ Սանդրի