Ասադի ռեժիմի բռնի տապալումը քաոս կառաջացնի ողջ տարածաշրջանում. Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում բռնի ուժով իշխանության տապալման կոչը հազիվ թե օգնի ահաբեկչության դեմ պայքարին, ընդհակառակը՝ այն կարող է ամբողջ շրջանում քաոս տարածել, հայտնում է gazeta.ru-ն։
«Այդ մասին մեզ ոչինչ հայտնի չէ, կան պարզապես որոշ անանուն հաղորդագրություններ ԶԼՄ-ների կողմից, հետևաբար՝ այս թեմայի շուրջ որևէ բան ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովն ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի նա լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, համաձայն որի Պետդեպի 50 աշխատակիցներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռմբակոծել Սիրիայի զորքերը։
Պեսկովն ընդգծել է, որ ցանկացած իրավիճակում այլ երկրում բռնի ուժով իշխանության տապալման կոչերը Մոսկվայի համար անընդունելի են։
«Բացի այդ, իհարկե, այս կամ այն ռեժիմի տապալումը դժվար թե լինի այն, ինչի շնորհիվ կարելի կլինի հաջողության հասնել ահաբեկչության դեմ պայքարում։ Դա կարող է տարածաշրջանը քաոսի վերածել»,- հավելել է խոսնակը։
Նշենք, որ ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ Պետդեպի անդամների մի մասը կոչ է արել Օբամային Սիրիայի կառավարության դեմ ռազմական գործողություններ սկսել՝ երկրում իշխանափոխության հասնելու նպատակով։










