Disney World-ի տարածքում կոկորդիլոսի հարձակման հետևանքով երեխայի մահը դժբախտ պատահար են անվանել

08:46 • 17.06.16

Լուսանկարում՝ հարձակման վայրը

 

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իրավապահ մարմինները մտադիր չեն մեղադրանք ներկայացնել 2 տարեկան երեխայի մահվան առնչությամբ, որը տեղի է ունեցել Walt Disney World զվարճանքների այգում, հայտնում է Reuters-ը:

 

Հունիսի 14-ին այգու հյուրանոցի տարածքում երեխայի վրա հսկայական կոկորդիլոս էր հարձակվել ու քաշել-տարել ջուրը։



Ինչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչ Ռոուզ Սիլվան, երեխայի մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, սակայն քրեական բնույթ չի կրում:

 

Իր հերթին, շրջանի դատախազությունը հայտնել է, որ երեխայի մահվան պատճառ են դարձել խեղդվելը և ստացված վնասվածքները:



Walt Disney ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Այթերը ցավակցություն է հայտնել երեխայի ծնողներին: Ընկերությունում նշել են, որ հունիսի 16-ից այգու բոլոր լողափերը փակ են այցելուների համար: Այնտեղ նոր ցուցատախտակներ են տեղադրվում, որոնք զգուշացնում են վտանգավոր կենդանիների առկայության մասին:



 

Disney World-ի տարածքում կոկորդիլոսի հարձակման հետևանքով երեխայի մահը դժբախտ պատահար են անվանել