Հունիսի 21-22-ին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում շարունակում է գործել միջերկրածովյան ցիկլոնը: Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հունիսի 20-ը ներառյալ, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, մյուս շրջաններում ցիկլոնի ազդեցությունը համեմատաբար թույլ կարտահայտվի:
«Հունիսի 21-22-ին ցիկլոնի ազդեցությունը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում այդ օրերին տեղումները կլինեն միայն լեռնային գոտիներում: Օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հունիսի 20-ը, հունիսի 21-22-ին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Եթե այսօր մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը տատանվել է +24…+26 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 22-ին սպասվում է մինչև +31..+33 աստիճան տաքություն»,- ասաց նա:
Ի դեպ, Գագիկ Սուրենյանը նշեց, որ հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումների քանակը կրկնակի գերազանցել է միջին ամսեկան ցուցանիշները:










