ԱՄՆ-ում կայացել է Թրամփն ընդդեմ հայազգի շեֆ խոհարար Ջեֆրի Զաքարյանի դատական գործի լսումը
ԱՄՆ-ում կայացել է հայազգի շեֆ խոհարար Ջեֆրի Զաքարյանի դեմ դատական գործի լսումը։ Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շեֆ խոհարարի դեմ:
Վաշինգտոնի դաշնային դատարանում կայացած դատական լսումը տևել է 2 ժամ։
CBS News-ը նշում է, որ ավելի վաղ Զաքարյանը համաձայնել էր ռեստորան բացել Վաշինգտոնում`Թրամփին պատկանող Old Post Office շքեղ հյուրանոցում, սակայն հրաժարվել է այդ մտքից, երբ էքսցենտրիկ թեկնածուն նախընտրական քարոզարշավի ընթացում վիրավորական արտահայտություններ է արել մեքսիկացի ներգաղթյալների վերաբերյալ` վերջիններիս «բռնաբարիչներ ու հանցագործներ» անվանելով:
Անցած տարվա հուլիսին Reuters-ին ուղղված էլեկտրոնային նամակում Զաքարյանը նշել է, որ մեքսիկացի ներգաղթյալների վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունները հակասում են արժեքների մասին իր պատկերացումներին:
Աղբյուրը հավելում է, որ Զաքարյանից բացի նույն պատճառով Թրամփի հյուրանոցում ռեստորան բացելու մտադրությունից հրաժարվել է մեկ այլ հայտնի շեֆ խոհարար Խոսե Անդրեսը:
Հայտնի է, որ Թրամփն Անդրեսի դեմ ևս դատական հայց է ներկայացրել` նրան մեղադրելով պայմանագիրի պայմանները չկատարելու համար: Նշվում է, որ 2 շեֆ խոհարարները պատասխան հայց են ներկայացրել Թրամփի դեմ:










