ԱՄՆ-ում մայրը 5-ամյա որդուն փրկել է լեռնային առյուծի ճանկերից
Ամերիկյան Կոլորադո նահանգում լեռնային առյուծը հարձակվել է հնգամյա տղայի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երեխայի տնից ոչ հեռու, նշում է NBS News-ը։
Տղայի մայրը պատմել է, որ երեխան խաղալիս է եղել եղբոր հետ տան բակում, երբ սարսափելի բղավոց է լսվել։ Դուրս գալով՝ մայրը տեսել է առյուծին, որը հարձակվել է տղայի վրա։
Նա ոստիկանությանը պատմել է, որ ստիպված է եղել տղային ուղղակի դուրս քաշել առյուծի ճանկերից։ Երեխայի հայրն անմիջապես փրկարարների է կանչել, երեխան հոսպիտալացվել է։
Նշվում է, որ երեխան լուրջ վնասվածքներ է ստացել գլխի, դեմքի և պարանոցի շրջանում։ Մայրը նույնպես վնասվածքներ ունի ոտքերի և ձեռքերի վրա։
Ոստիկանության աշխատակիցներն առյուծին հայտնաբերել են տնից ոչ հեռու և սպանել կենդանուն։










