Հռոմի Պապի այցը Հայաստան. տեսանյութ

18:27 • 18.06.16

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցին հաշված օրեր են մնացել։ ArmNews հեռուստաալիքը տեսահոլովակ է պատրաստել քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն Ֆրանցիսկոս պապի այցի կապակցությամբ, որտեղ սեղմ տարբերակով ներկայացված են հայաստանյան զբոսաշրջության վայրերը, հայկական բրենդերը՝ լավաշը, գինին, ավանդական ուտեստները, երգն ու պարը: 

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդն ինքն էր կոչ էր արել աղոթել Հայաստան՝ առաջին քրիստոնեությունն ընդունած պետություն, կատարելիք այցի առնչությամբ: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- ասել էր նա:
 

 

Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան մեկնարկելու է հունիսի 24-­ին: Սրբազան Քահանայապետը մեկնելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-­ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: 

Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

 

 

 

 

Հռոմի Պապի այցը Հայաստան. տեսանյութ