Քարոզչություն՝ փաթեթավորված կոմպլիմենտով. Ռ. Մեհրաբյանը Պուտինի հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն միակ գերտերությունն է

21:36 • 18.06.16

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը զուտ քարոզչական նպատակ ուներ:

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, թե այո Ամերիկան հզոր տերություն է։ ԱՄՆ-ը այսօր միակ գերտերությունն է աշխարհում։ Մենք դա ընդունում ենք և ապա ավելացրել, որ Մոսկվան ցանկանում է և պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ:

«Պուտինի հայտարարություններն իհարկե համապատասխանում են իրականությունը, բայց չնայած այն փաթեթավորված էր կոմպլիմենտի ձևով՝ կրելով քարոզչական բնույթ: Նախ՝ դա  ազդանշան էր սեփական բիզնեսին, որ Պուտինը հակված չէ խնդիրներ ստեղծել բիզնեսի համար, դեռ մի բան էլ ավելին՝ փորձում է լուումներ գտնել այդ հարաբերությունների ճգնաժամից դուրս գալու համար: Եվ բացի այդ, ՌԴ-ն փորձում է, այսպես ասած, կոմպլիմենտներ աջ ու ձախ արձակել միասնական Արևմուտքի դիրքորոշման մեջ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև, փորձել ինչ-որ կերպ խախտել միասնականությունը, որովհետև այդ հայտարարության հետ մեկտեղ ասում է, թե ԱՄՆ-ն խանգարում է, որ ՌԴ-ն ու Եվրոպան զարգացնեն իրենց հարաբերությունները»,- ասաց նա:

Միաժամանակ Մեհրաբյանը նշեց, թե նման հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ՌԴ-ն ինչ ծանր վիճակում է գտնվում ԵՄ-ի հետ Միացյալ նահանգների կողմից պատժամիջոցների պատճառով: Ըստ նրա՝ ՌԴ-ն իբրև թե հակապատժամիջոցներով է արձագանքում, բայց իրականում ռուս գործարարները Եվրոպայում  դժգոհում են:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, թե ԵՄ-ն պետք է նոր  որոշում ընդունի վեց ամսով պատժամիջոցները երկարացնելու համար,  քանի որ ՌԴ-ն չի կատարում պայմանագրային պարտավորությունները՝ կապված Ուկրաինայի արևելքի հետ:

Քարոզչություն՝ փաթեթավորված կոմպլիմենտով. Ռ. Մեհրաբյանը Պուտինի հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն միակ գերտերությունն է