Մենք ոչ թե զենք ենք վաճառել, այլ վերավաճառել ենք, ինչը պատերազմող երկրի համար անթույլատրելի է. Սերգեյ Շաքարյանց

10:58 • 19.06.16

 

Ինչքան էլ արդարանան, բայց մեր նման պատերազմող երկրի համար երբեք զենքի ավելցուկ չի կարող լինել, որ դեռ մի բան էլ պաշտոնյաները սկսեն զենքի վաճառքով զբաղվել. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով ՊՆ-ի կողմից հաստատված տեղեկությանը, թե Հայաստանը  2014-ին, 1, 5 մլն դոլար մաքսային արժեքով, Կոնգոյին է վաճառել 1500 միավոր զինատեսակ:

«Հասկանում եմ, որ որոշակի պաշտոնյաներ կսկսեն արդարանալ և հասարակությանը խաբել՝ պնդելով, թե հնացած զենք ենք վաճառել, որպեսզի նորը ստանանք, և դա հասկանալի  պատճառաբանություն է, բայց այն աստիճանի հնացած զենքեր դժվար թե լինեին, որոնք հնարավոր չլինեին օգտագործել, բայց կարելի լինիր վաճառել: Ես օրինակ չեմ պատկերացնում, որ Հայաստանում այնքան հին զենք է եղել, որ որոշվել է սևամորթներին խաբել և իրենց վրա 1,5մլն դոլարի զենք վաճառել: Նախ՝ զենքը հին չի լինում, եթե նորմալ վիճակում է այն, փորձառու մասնագետի ձեռքին թշնամու համար դառնում է մահաբեր»,-ասաց նա և օրինակ բերեց, որ 67թ-ի արտադրված հրթիռներով 99-ին հարավսլավցիներն անտեսանելի ամերիկյան ինքնաթիռ են խփել:

«Այնպես որ, եթե նա լավ վիճակում է և կարող է կրակել, ուրեմն, նա մահաբեր է թշնամու համար, այլ բան, եթե չունենք կրակող և չենք պատրաստել նորմալ կադրեր»,-ասաց Սերգեյ Շաքարյանցը:  

Քաղաքագետը նաև նկատեց, թե Հայաստանը ոչ թե զենք է վաճառել, այլ վերավաճառել է: «Մենք չենք զբաղվում վաճառքով, մենք զբաղված ենք փաստացի վերավաճառքով,  որովհետև հիմնական զինատեսակները, բնականաբար, մենք ձեռք են բերում որպես նվիրատվություն,  կամ, չգիտեմ, արտոնյալ գներով Ռուսաստանից, թե ոչ արտոնյալ գներով, օրինական ձևերով, թե կիսաօրինական, բայց մենք չենք արտադրում»,-նշեց նա:

 

 

 

 

Մենք ոչ թե զենք ենք վաճառել, այլ վերավաճառել ենք, ինչը պատերազմող երկրի համար անթույլատրելի է. Սերգեյ Շաքարյանց