ԱԱԾ աշխատանքը տանկի «հարվածից» չի խաթարվել. կանաչ ստվարաթղթե տանկի գործով դատին ընթերցվեց ԱԱԾ դիրքորոշումը (տեսանյութ)
Այսօր Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Արտակ Գևորգյանի պատրաստած ստվարաթղթե կանաչ տանկի միջոցով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործը` Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Դատական նիստի ժամանակ ներկայացվեց Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրություն, որով տեղեկացվեց ԱԱԾ դիրքորոշումը քննվող գործի վերաբերյալ՝ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, լուրջ անհանգստություն չի պատճառվել աշխատակիցներին, ուստի, ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին։
Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։
«Ուզում էի քաղաքականացնել ակցիան, ԿԸՀ գնացի, հետո որոշեցի գնալ ՍԴ, Բաղրամյան 26, հետո ինչ-որ մի տեղ, հետո որոշեցի վերացնեմ այդ տանկը և վերացրեցի ԱԱԾ վարչական շենքի վրա»,- ժամանակին լրատվամիջոցներին պատմել էր Արտակ Գևորգյանը:
Նա մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:
Եթե խուլիգանության մեղադրանքը հաստատվի, Արտակին առաջադրված այս հոդվածը ենթադրում է, որ նա կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս, կալանքով՝ 1-ից 3 ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Այսօր դատարանում հարցաքննվեց վկաներից Արման Ղարիբյանը, ով, ցուցմունք տալով իրեն հայտնի հանգամանքների մասին, պատմեց, որ աշխատանքից հետո տեսել է Արտակ Գևորգյանին` Սարյան փողոցում, ինչից հետո հետևել նրան Սարյան- Թումանյան-Ազատության հրապարակի տարածք- ԱԱԾ շենք և հետադարձ երթուղով մինչև Բաղրամյան 26 հետևել է և անցել է:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը, հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, նշեց, որ ֆիզիկական անձանց հարցաքննելն ու նրանց հայտնածը չի կարող դիտվել որպես ապացույց:
Նա վկային ճշտող հարց տրվեց, թե արդյո՞ք ստվարաթղթե տանկն ինքնուրույն է հարվածել ԱԱԾ շենքին, «թե Արտակ Գևորգյանի միջնորդությամբ», վկան ասաց, որ Արտակ Գևորգյանի միջոցով:
Ապա Տիգրան Սաֆարյանը մեկ այլ ճշտող հարց տվեց վկային, թա ակցիայի իրականացման ընթացքում ինչպե՞ս էր հասարակության վերաբերմունքը ստվարաթղթե տանկով ակցիայի նկատմամբ: Ըստ վկայի` մարդիկ չեն վախեցել, ավելին` լուսանկարվել են, իսկ ոմանք նույնիսկ ուղեկցել տանկին: Նա նաև ընդգծեց, որ հարվածն արվել է ոչ թե ԱԱԾ պատին, այլ ԱԱԾ շենքին:
Այնուհետև դատախազը ներկայացրեց, որ տանկով պատին հարվածելուց հետո վիզուալ զննում է կատարվել, ինչից պարզվել է, որ ստվարաթղթե տանկի մեջ պայթուցիկ նյութեր ու սարքեր չկան, վտանգավոր իրեր չեն եղել:
Դատական նիստին դատարանը որոշեց տեխնիկական խնդիրների և դատական նիստում տեսաձայնագրությունների հարցն ի ցույց դնելու համար՝ հայտարարել ընդմիջում:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 24-ին:










