Պոլսո Հայոց պատրիարքին Արամ Աթեշյանին լոլիկներով ու ձվերով կդիմավորեն
Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սրբապղծել է 1,5 մլն մարիտրոսացված հայերի հիշատակը և արժանի չէ կրել հայ հոգևորականի սքեմ. այսօր հրավիրված ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկան «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնության անդամները և տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Վերջինս ասուլիսին էր եկել թղթապանակը ձեռքի տակ և պնդում էր ներկայացված փաստաթղթերով, որ Աթեշյանը հոգևորականին վայել կյանքով չի ապրում և կուտակել է մի ամբողջ հարստություն՝ ունի կալվածքներ Ստամբուլի հարուստ թաղամասերում, Մոսկվայում, Էջմիածնում ունի միլիոնավոր դոլարաների հասնող անշարժ գույք, Աբովյան քաղաքում և այլն:
Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձևը ափսոսանք է առաջացրել:
«Հայ հոգևորականը հոգևոր ծառայություն մատուցելու փոխարեն նման հարստություն է կուտակել և ոչ մեկ չի հարցնում, թե քեզ որտեղից»,- ասաց նա:
Այուհետև նա ներկայացրեց իր կողմից ձեռք բերված փաստեր, թե ինչպես է թուրքական իշխանությանը քծնելու համար Աթեշյանը դավաճանել իր հայ դասընկերոջը, ով ևս հոգևորական էր դարձել, ինչի հետևանքով հայր Մանուել Երկաթյանը ձերբակալվել է թուրքական իշխանության կողմից:
Բացի այդ, ըստ նրա՝ Թուրքիայում հայ հոտը ցաքուցրիվ է եղել, խառնիճաղանջ վիճակ է ստեղծվել, 50-60 տոկոս է հասել թուրքերի հետ հայերի ամուսնությունը, իսկ ինքը թուրքերի հետ սիլիբիլի է անում քիչ չէ, դեռ մի բան էլ պոլսահայության անունից իրեն վերապահում է խոսել:
«Այս նախաձեռնությունը պետք է ավարտին հասցնել և գոնե մեկ հոգևորական պատիժ կրի, պետք է նրա հագից հանել սքեմը, նա արժանի չէ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փիլոնը կրելու և մեկի տեղ 100 հատ մեղադրանք կա իր հասցեին և հույս ունեմ, որ Պոլսում էլ կհնչեն իր հասցեին շատ լուրջ մեղադրական, նա եթե ինքնակամ չհրաժարվի իր բռնազավթած աթոռից և թույլ չտա Կոստանդնապոլսում, որպեսզի հայ համայնքն իր վստահորդին ընտրի՝ խնդրի առաջ ենք կանգնելու և Թուրքիան իր խաղը տանելու է իր մանկլավիկ և խրթվիլակ դարձրած Արամ Աթեշյանով»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանն իր խոսքն ուղղեց Աթեշյանին և նշեց, որ եթե հոգևորականը ցանկանում էր հաճոյանալ կարող էր այլ կերպ անել դա, քանի որ նրա կապերը թուրք իշխանության հետ շատ են, ընդհուպ մինչև Գորշ գայլերը, և կարող էր մեկ ադամանդ էլ ավել նվիրել, բայց չկպնել հայերի ինքնասիրությանը: «Դուք սրբապղծում եք մեր նահատակների հիշատակը՝ նաև ստորացնում մեզ: Մենք թույլ չենք տա նրա պիղծ ոտքը մտնի մեր սուրբ հողը»,-ասաց նա և նշեց, թե կդիմավորեն ձվերով ու լոլիկներով:
Միաժամանակ նա նշեց, թե տեղյակ չեն երբ է նախատեսված Աթեշյանը ժամանակի Հաայստան, հստակ օր և ժամ չգիտեն և ակցիան կարող է չեղարկվել միմիայն մեկ պատճառով՝ Հայաստան է գալիս Հռոմի պապը և նրանց այցերը կարող են զուգադիպել և շատ միջազգային լրատվամիջոցներ դա ներկայացնեն որպես ցույց Հռոմի պապի դեմ: Չնայած դրան՝ նախաձեռնությունը բաց նամակ էր գրել թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին:
Նախաձեռնության անդամ Սոսե Ղլեչյանը նշեց, թե Աթեշյանի նման արարքը արդարացնողներ կան, ովքեր ասում են, թե գուցե նա այդ քայլին է գնացել, քանի որ ստիպել են: Միաժամանակ նա հարց է տալիս, միթե Աթեշյանի կյանքը շատ ավելի կարևոր է հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կյանքից, ով մեջլիսում ներկայացրել էր հայ մտավորականների նկարները:
«Կամ եթե վախենում է իր կյանքի համար, ուրեմն պետք է ինքնակամ հեռանա և ոչ թե հայության շահերը պաշտպանելու փոխարեն, թուրք իշխանությանը հաճոյանա»,-ասաց նա:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Սիրուն Սեմիջյանը հանդես եկավ երիտասարդների անունից, ով եկել էր իր նախնյաց նկարով, որն արվել էր 1915թ-ից առաջ:
«Ես արմատներով սեբաստացի եմ, թուրքը ինձանից ներողություն չի խնդրել իմ ընտանիքը կոտորելու համար, ինչու պետք է Արամ Աթեշյանը ներողություն խնդրի թուրքին»,-ասաց նա:










