Ամերիկացին 49 ինքնաշեն խաչ է տեղադրել Օռլանդոյում` ի հիշատակ միասեռականների ակումբում սպանվածների (լուսանկարներ)
Ամերիկյան Չիկագո քաղաքի բնակիչ Գրեգ Զանիսը, ի հիշատակ Օռլանդոյի Pulse միասեռականների ակումբում տեղի ունեցած սպանդի, զոհվածներից յուրաքանչյուրի համար փայտից խաչեր է պատրաստել ու մոտ 2.000 կմ մեքենայով անցել` դրանք Օռլանդոյում տեղադրելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 65-ամյա Զանիսը փայտաշեն խաչերից ամեն մեկի վրա փորագրել է հունիսի 12-ին Օմար Մատինի կողմից իրականացված ահաբեկչության զոհերի անունները:
Տղամարդը, ով մասնագիտությամբ ատաղձագործ է, պատմել է, որ իր այս քայլով ցանկանում է փոքր- ինչ փարատել զոհերի ընտանիքների վիշտը:
«Երբ տեսնում ես կողք կողքի շարված խաչերը, նոր ես գիտակցում տեղի ունեցած ողբերգության ողջ խորությունը»,-ասել է Զանիսը:
Աղբյուրը հավելում է, որ տղամարդը նախքան այս 26 նմանատիպ խաչ է տեղադրել Սենդի Հուք հանրային դպրոցի մոտ, որտեղ տեղի ունեցած սպանդի հետևանքով սպանվել էր 26 մարդ:















