Պուտին- Սարգսյան-Ալիև հանդիպման հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է. Պեսկով

14:29 • 20.06.16

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

«Այժմ հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալը, որ կորի այն արված աշխատանքը, որը եղել է Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ առաջիկա բանակցությունները բարդ են լինելու:

 

Նա նաև նշել է, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախ կանցկացնի առանձին հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

«Նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի. սկզբից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո կկայանա աշխատանքային նախաճաշ արդեն երեք նախագահների մասնակցությամբ, այսինքն՝ կլինեն Պուտինը, Ալիևը և Սարգսյանը»,- ասել է Պեսկովը:

 

Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային:

 

ԱՊԱ գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոն ասել էր, որ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները կմասնակցեն նախագահների հանդիպմանը։

Պուտին- Սարգսյան-Ալիև հանդիպման հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է. Պեսկով