Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր Սանկտ Պետերբուրգում կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորման հարցը

09:46 • 20.06.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հավանաբար, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ ավելի ուշ երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:

 

ԱՊԱ գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոն ասել էր, որ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կկայանա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

 

Սակայն ավելի վաղ ТАСС գործակալությունը հայտնել էր, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստմանը: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել էր ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պարտականությունները կատարող Նատաշա Ռաջակովիչը: 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Ապրիլի 5-ին հայտարարվել էր հրադադարի հաստատման մասին, սակայն հակառակորդը պարբերաբար շարունակում է խախտել այն։
 

 

 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր Սանկտ Պետերբուրգում կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորման հարցը