Ինտեգրման շրջանակներում Հայաստանի հետ հարաբերություններն ինտենսիվ են զարգանում. Պուտին

16:51 • 20.06.16

Ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ինտենսիվ են զարգանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, գրում է РИА Новости-ն:

 

«Կարելի է նշել՝ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերութունները զարգանում են ավելի ինտենսիվ, քան նախկինում էր, ինչը շատ է ուրախացնում: Կա հնարավորություն և անհրաժեշտություն խոսելու, թե ինչպես ենք մենք գործելու հետագայում: Այժմ Հայաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ն, և աշնանը պետք է կայանա բարձր մակարդակով հանդիպում»,- ասել է Պուտինը:

 

Սերժ Սարգսյանն, իր հերթին, հաստատել է, որ նման հանդիպում կարող է կայանալ հոկտեմբերին, նշում է գործակալությունը:

 

«Այնպես որ այդ ուղղությամբ նույնպես կխոսենք»,- ընդգծել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին Ռուսաստան այցի համար:

 

Ողջունելով իր գործընկերոջը՝ Պուտինը նշել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացումը: Նրա խոսքով՝ լավ ցուցանիշներ են գրանցվում գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման հարցում:

 

«Մենք, չնայած համաշխարհային և մեր տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին, ապրանքաշրջանառության աճ ենք գրանցում: Զգալի կերպով, կարելի է ասել՝ մի քանի անգամ ավելացել են հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները շուկա: Ինչը մեզ շատ է ուրախացնում»,- ասել է Պուտինը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։

Ինտեգրման շրջանակներում Հայաստանի հետ հարաբերություններն ինտենսիվ են զարգանում. Պուտին