Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ամեն տարի հունիսի 20-ին միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը: Տարիներ շարունակ տարբեր երկրներ ու տարածաշրջաններ նշել են նրանց նվիրված հիշատակի օրեր և նույնիսկ`շաբաթներ: Դրանց շարքում, թերևս, ամենահայտնին Աֆրիկացի փախստականների համաշխարհային օրն է, որը ևս նշվում է հունիսի 20-ին: Սակայն 2000թ. հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրը նշելու վերաբերյալ բանաձևը:
Ինչպես նշում է ria.ru-ն, անցած դարի կեսերին աշխարհում կար միջազգային օգնության կարիք ունեցող 1.250 մլն փախստական, որից 350.000-ը Եվրոպայում էին: Սակայն հաջորդ տարիների ընթացքում փախստականների խնդիրը հրատապ դարձավ նաև Աֆրիկայում, Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում ու Բալկաններում:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ՄԱԿ-ի ԳԱ-ն 1950թ. հունվարի 1-ին հիմնել է Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունը, որի նպատակն է փախստականների հարցերի ապահով լուծումն ու նրանց միջազգային մակարդակի օգնության տրամադրումը:
Աղբյուրը նկատում է, որ վերջին տարիներին նկատվում են անցած 70 տարվա ընթացքում տարբեր երկրներում փախստականների ներհոսքի ամենազանգվածային դեպքերը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` աշխարհում կա մոտ 20 մլն փախստական և հայրենի երկրի սահմաններում տեղահանված մոտ 40 մլն մարդ: Նշվում է, որ բոլոր փախստականների կեսը կազմում են մինչև 18 տարեկանները:
Հարկ է նշել, որ ներկայում Եվրոպան ապրում է Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր խոշորագույն միգրացիոն ճգնաժամը, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում զինված հակամարտությունների ու տնտեսական խնդիրների առկայությամբ: Ըստ վերջին տվյալների՝ 2015թ. Եվրոպական միությունն ընդունել է 1.8 մլն փախստական, որոնց մեծ մասը տեղ է հասել Թուրքիայի ու Հունաստանի միջոցով և ավելի ուշ տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ: Սակայն քիչ չեն նրանք, ովքեր գաղթի ճանապարհին զոհվում են: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2014թ. ի վեր 10.000-ից ավելի փախստական է խորտակվել Միջերկրական ծովում:










