Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ Վաղաժամ ազատման հանձնաժողովի

14:22 • 20.06.16

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

«Այսօր Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել, այն ուղղված է  վաղաժամ ազատման հանձնաժողովի ազատման դեմ: Սա, ըստ երևույթին նախորդ հացադուլի շարունակությունն է: Այն ժամանակ որոշ պաշտոնյաներ եկան, և հայտարարություններ արեցին, որ օրենքում կան բացթողումներ, բայց անցել է արդեն մի քանի ամիս և Վաղաժամ ազատման հանձնաժողովի գործունեության մեջ ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց Սարուխանյանը:

Սարուխանյանի խոսքով՝ իրենց հայտնի չէ հանձնաժողովի կազմը,  այն «կիսագաղտնի» հանձնաժողով է և իր՝ մերժման մասին որոշումը չի հիմնավորում.«Հանձնաժողովը գրավոր ուղարկում է մեկ բառ՝ «մերժել», իսկ թե ի՞նչ պատճառով, չի ասում»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

 

 

Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ Վաղաժամ ազատման հանձնաժողովի