Անհասկանալի գործընթացներ են ընթանում. քաղաքագետը եռանախագահների հանդիպման մասին (տեսանյութ)

13:12 • 21.06.16

Քաղաքագետ Հայկ Ա.Մարտիրոսյանի համար Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման բնույթը, նպատակներն ու արդյունքներն անհասկանալի է գնահատում և հետևաբար էլ նշում, թե որևէ գնահատական տալ չի կարող, և այն եզակի քաղաքական իրադարձություններից է, որից ինքը ոչինչ չհասկացավ:

«Դուք կարծում եք՝ ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացման հարցը դա այն հա՞րցն էր, որ նախագահները պետք է հանդիպեի՞ն ռազմական գործողություններից հետո: Արցախի հարցը կարգավորում չունի այնպես, ինչպես խոսվում է քաղաքական շրջանակներում: Արցախի հարցը, ցավոք սրտի, առանց ռազմական ճանապարհի որևէ կարգավորում չունի»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, ինչ-որ անհասկանալի գործընթացներ են ընթանում:

«Բոլոր խաղաքարտերը սեղանին են, տարբերակները հնարավոր են, և ակնհայտորեն գործընթաց է ընթանում, որը չափազանց դժվար է տեսնել դրսից, բայց դժվար չէ կռահել: Ինչ-որ չափազանց լուրջ գործընթաց գնում է, որովհետև, եթե տեսաք, թե՛ հայկական , թե՛ ադրբեջանական աննախադեպ լավատեսություն կար կողմերի համար, ինչը լուրջ կասկածներ է հարուցում պատերազմից հետո: Զուտ պատմական ու քաղաքական առումով անհասկանալի է, երբ քեզ շանտաժային պատերազմի են ներքաշում, որից հետո շփումներ են գնում, որոնք երկու կողմերից էլ որակվում են դրականորեն»,-ասաց նա և նշեց, թե Ադրբեջանի համար, եթե մի բան դրական է, այն չի կարող դրական լինել հայկական կողմի համար, բայց զարմանալիորեն հայկական կողմն էլ է դրական գնահատական տալիս:

«Այսինքն, ինչ-որ հեղափոխություն է կատարվել , կամ մենք նստել ենք ու պայմանավորվել ենք իրենց հետ, որ Արցախը ճանաչել են, դիմացը ոչինչ չենք տալիս, և մենք դրանից չափազանց երջանիկ ենք, կամ պայմանավորվածության ենք եկել, որի մասին մենք դեռևս չենք խոսում»,-ասաց նա:

Ա.Մարտիրոսյանը նշեց, թե միայն հայերն ու միայն Հայաստանն է իրեն հայտնի դեպք, որը հողերի բանակցություն է վարում: «Որևէ այլ երկիր հողերի բանակցություն չի վարում, որին մենք ազգովի, կարծես, համաձայն ենք և չենք էլ զարմանում»,-ասաց նա և հավելեց, թե սա սողացող պատերազմ է՝ բավական ակտիվ բռնկումով, որը հայ հասարակությանը հիմարացնելու, թուլացնելու նպատակ ունի, և Ադրբեջանն իր նպատակին հասնում է այս ոչինչ չասող բանակցություններին գնալով:

Ըստ նրա՝ հայկական կողմն անչափ բարի է Ադրբեջանի հանդեպ, անհասկանալիորեն հանդուրժող ու ընդառաջող է:

«Ես չեմ հասկանում 20 և ավելի տարիներ բանակցում ենք, պատրաստ ենք հանձնել մեր հողերը, և դրան Ադրբեջանը չի համաձայնում, շատ ավելին ենք ուզում, հետո պատերազմում է և ասում ստատուս քվոն անընդունելի է, դրանից հետո բանակցե՞նք, ի՞նչ անենք: Ինչի՞ մասին կարող ենք խոսել այդքանից հետո, խոսել հանուն խոսելո՞ւ»,-ասաց Հայկ Ա.Մարտիրոսյանը:

Ըստ նրա, եթե մենք դուրս ենք գալիս բանակցություններից, դրանից ոչինչ չի փոխվում:

«Մենք գործ ունենք բանականություն չունեցող պետության հետ, որը հավասարազոր է «Իսլամական պետությանը», ուղղակի ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Առաջարկում եմ, որ պետք է հայտնվի, որ Հայաստանը չունի խոսելիք։ Նման պետության հետ դա է ելքը»,-եզրափակեց քաղաքագետը:

 

 

Անհասկանալի գործընթացներ են ընթանում. քաղաքագետը եռանախագահների հանդիպման մասին (տեսանյութ)