Ակնկալում ենք արագ ստորագրում. Ֆրանսիայի դեսպանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները և ի՞նչ բարդություններ է տեսնում այս հարցում, ասաց, որ բանակցային գործընթացները հանձնաժողովի հետ հաջող են ընթանում:
«Որքանով ես գիտեմ խոշոր, մեծ խնդիրներ չկան, բնականաբար մենք ակնկալում ենք հնարավորինս արագ ստորագրում»,-ասաց նա և չնայած դրան՝ կոչ արեց չշտապեցնել գործընթացները:
«Հենց որ հնարավորություն լինի, բնականաբար, Ֆրանսիան կողմ կարտահայտվի ԵՄ-Հայաստան համաձայնագրի արագ ստորագրմանը, բայց չշտապեցնենք իրադարձությունները: Դուք բոլորդ էլ գիտեք, որ ԵՄ-ի և Հայաստանի ցանկությունն է ավելի ընդգրկուն, ավելի ընդարձակ արտահայտված տեսնել՝ բավականին հավակնոտ մոտեցումներով ԵՄ-Հայաստան ապագա համագործակցությունը»,-ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է բարդություններին, ապա Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց.«Բանակցային գործընթացներում միշտ էլ լինում են խրթին, դժվար պահեր, դժվարությունները հենց դրա համար են, որպեսզի դրանք հաղթահարվեն»,-շեշտեց նա:










