Ստրասբուրգում ադրբեջանցի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ակցիա է անցկացվել (տեսանյութ)

16:07 • 21.06.16

Այսօր Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքի դիմաց, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող «ՌԵԱԼ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջով, հաղորդում է ադրբեջանական contact.az կայքը։

 

Ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների ու ակտիվիստների խումբը պաստառներ է պարզել ու բացականչել. «Ազատությո՛ւն Իլգար Մամեդովին», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։

 

Ըստ սոցիալական ցանցերից ստացված տեղեկության՝ ցուցարարներին աջակցել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ, այդ երկրի ազգային հերոս, օդաչու Նադեժդա Սավչենկոն։

 

Ակցիան կազմակերպվել է «Սպորտը հանուն իրավունքի» միջազգային կոալիցիայի կողմից, որում ներառված է շուրջ 20 իրավապաշտպան կազմակերպություն։

 

Հիշեցնենք, որ Մամեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Իսմայիլիի դեպքերի առնչությամբ։

 

Ստրասբուրգի դատարանը 2014 թվականին ընդունել էր Մամեդովի ձերբակալության ընթացքում թույլ տրված խախտումներն ու նրա քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառները։

 

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ձգձգում են Մամեդովի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճռի կատարումը։

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն բազմիցս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը Մամեդովի վերաբերյալ և ազատ արձակել նրան։

Ստրասբուրգում ադրբեջանցի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ակցիա է անցկացվել (տեսանյութ)