Բրյուսելում «մահապարտի գոտի» կրելու մասին հայտնած տղամարդը հոգեկան խանգարումներ ունի
Բրյուսելի կենտրոնում այսօր առավոտյան հայտարարված ահաբեկչական տագնապը կեղծ է եղել։ Կասկածյալի մոտ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել, և նա ենթադրաբար գործել է հոգեկան խանգարման վիճակում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով DH.be գործակալությանը։
Տղամարդն ինքն է զանգահարել ոստիկանություն ու հայտնել, որ պայթուցիկ նյութով գոտի է կրում։ Դեպքի վայր են ժամանել սակրավորները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Տարածքը շրջափակվել է, կասկածյալը՝ ձերբակալվել, բայց մասնագետները պարզել են, որ կասկածյալի գոտին ոչ մի պայթուցիկ նյութ չի պարունակում։
Հունիսի 21-ի առավոտյան Բելգիայի իշխանությունները տեղեկացրել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խոշոր առևտրի կենտրոններից մեկում ահաբեկչական ակտի սպառնալիքի մասին։ Քննարկման արդյունքում երկրի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ իրավիճակը գտնվում է հսկողության տակ։










