ԵՄ-ն համաձայնել է ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

16:22 • 21.06.16

Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել ևս կես տարով, հայտնում է «РИА Новости» գործակալությունը։

 

«Մենք կարող ենք հաստատել, որ «Coreper»-ը (մշտական ներկայացուցիչների կոմիտեն) որոշել է երկարաձգել սահմանափակող միջոցառումները, ինչը պայմանավորված է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողություններով», - «РИА Новости»-ին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։

 

Դիվանագետը նշել է, որ սահմանափակումների երկարաձգումը դեռ պետք է հաստատվի ԵՄ-ի Խորհրդի կողմից։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ պատժամիջոցների վերացման կամ մեղմման օգտին պատրաստ էին հանդես գալ ԵՄ-ի հինգ երկրներ՝ Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան ու Սլովակիան։

 

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները բարդացել են Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ 2014 թվականի հուլիսի վերջին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ կետային պատժամիջոցներից անցել են ռուսական տնտեսության ամբողջական հատվածների դեմ միջոցների։ Որպես պատասխան՝ Մոսկվան սահմանափակել է սննդամթերքի ներմուծումն այն երկրներից, որոնք իր դեմ պատժամիջոցներ են սահմանել։

ԵՄ-ն համաձայնել է ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները