Չեղարկվել է Արամ Աթեշյանի այցը Հայաստան
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու. այս մասին այսօր Tert.am-ին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու», -փոխանցեց քահանա Մելիքյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան է ժամանելու հունիսի 22-ին` մասնակցելու «Գերագույն հոգևոր խորհրդի» նիստերին: Այդ մասին հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում: Արամ Աթեշյանը Հայաստան պետք է գար Ռուսաստանից, որտեղ մեկնել էր հունիսի 15-ին:
Հայաստանում Աթեշյանի նկատմամբ զայրույթ է առաջացել այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը հաջորդեց Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին, որով արտահայտել էր իր զղջումը Գերմանիայի արարքի համար և ներողություն էր խնդրել:
Դրանցի հետո Հայաստանում սկսեցին դեմ արտահայտվել Աթեշյանի հայաստանյան այցին ։ Նույնիսկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ միջոցառում, որին միացել էր ԱԺ 28 պատգամավոր:










