Ֆրանսիայում տղամարդը սպանել է կնոջն ու երեխաներին, ինչից հետո ինքնասպան է եղել

01:18 • 22.06.16

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտից մի տղամարդ սպանել է կնոջն ու երկու երեխաներին, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Ըստ ոստիկանության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել Անգլե քաղաքում երեքշաբթի ցերեկը, ինչի հետևանքով չորս մարդ է մահացել, նրանց թվում երկու երեխա՝ 11 և 16 տարեկան։ Տեղի ունեցածի հավանական պատճառներից է ընտանիքի ֆինանսական դժվարությունները և կնոջ մտադրությունը՝ ապահարզանի դիմել։

Ինչպես հաղորդում է Բայոն քաղաքի դատախազ Սամյուել Վյուելտա-Սիմոնը՝ դեպքի մասին իրենց տեղեկացրել է հարևանը։ Նա նաև նշել է, որ տղամարդը գրություն է թողել, որը հաստատում է, որ նրա մահվան պատճառն ինքնասպանությունն է։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ տղամարդը ենթադրաբար UMP կուսակցության նախկին անդամ է։ Նա պլանավորում էր քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2014թ-ին։

Ոստիկանությունը հետաքննում է դեպքը։

Ֆրանսիայում տղամարդը սպանել է կնոջն ու երեխաներին, ինչից հետո ինքնասպան է եղել