Մոսկովյան դատարանը հետաձգել է Լևոն Հայրապետյանի բողոքի վերաբերյալ նիստը՝ նրա ինքնազգացողության պատճառով
Մոսկվայի քաղաքային դատարանն ընդմիջում է հայտարարել գործարար Լևոն Հայրապետյանի դատավճռի բողոքարկման վերաբերյալ նիստի ընթացքում՝ նրա առողջության վատթարացման պատճառով: Այդ մասին դատապարտյալը դատավորներին հայտնել է նիստի ժամանակ, որին նա մասնակցում է կալանավայրից տեսակապով, գրում է ТАСС-ը:
Այդ առնչությամբ դատարանը որոշել է նրա մոտ բժիշկ ուղարկել: Ինչպես սպասվում է՝ նիստը շարունակելու մասին որոշումը կկայացվի բժիշկների կողմից Հայրապետյանի զննումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կստուգի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի դեմ դատավճռի օրինականությունը:
Մոսկովյան դատարանը հայ ձեռներեց, բարերար Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 000 դոլար գումարի չափով խարդախության համար և դատապարտել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:
Հետաքննության և դատարանի վճռի համաձայն` Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 000 դոլար է վերցրել նրա որդու դատավճռի մեղմմանն աջակցելու խոստումով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի կայացման վրա:
Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին 2014-ի հուլիսին` Բաշկիրիայի ջերմաէլեկտրակայանի բաժնետոմսերի յուրացման մասին քրեական գործով:










