Հռոմի պապն այցելում է Կովկասյան տարածաշրջան՝ հաշտության ու միասնության կոչով. National Catholic Register
Այս շաբաթ Հայաստան, իսկ սեպտեմբերի վերջին Ադրբեջան և Վրաստան ուղևորությամբ Հռոմի պապը կայցելի Կովկասյան տարածաշրջան, որը համարվում է վտանգավոր շրջան, գրում է Foreign Affairs ամսագրի թղթակից Վիկտոր Գաետանը National Catholic Register-ում:
Մի ժամանակաշրջանում, երբ թերթերի էջերը լի են բռնության և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները:
Ինչպես նշում է հեղինակը՝ սա Հռոմի պապի համար սովորական այց չէ: Հայաստանն Ադրբեջանի հետ երկար ժամանակ եռացող պատերազմի մեջ է, «սառած հակամարտություն», որը կրկին թեժացավ ապրիլին: Այս երկրները, գրում է հեղինակը, բարդ հարաբերություններ ունեն իրենց հզոր հարևանների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ, որոնք այս տարի նույնպես առճակատվել են։
Կիրակի օրը Ֆրանցիսկոս պապը կմոտենա հայ-թուրքական փակ սահմանին՝ երկրների միջև անվստահության ավելի քան 100 տարվա խորհրդանիշին:
Կովկասյան տարածաշրջանը շատ վերլուծաբանների կողմից համարվում է վտանգավոր պոտենցիալ բռնկման կիզակետ: Հեղինակը նշում է, որ նաև այս պատճառով է Հռոմի պապը որոշել Փրկչի սերը տարածել իր ուղևորության շնորհիվ՝ սկսելով քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրից՝ Հայաստանից:
Հայ ժողովուրդը տարածված է ողջ աշխարհով՝ հիմնականում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով: Կրոնական ինքնությունն այն հիմնական բացատրություններից մեկն է, թե ինչպես են հայերը պահպանել իրենց մշակութային ինքնությունը՝ սերնդեսերունդ՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրել:
ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով ներգրավված է Ֆրանցիսկոս պապի այցի կազմակերպման գործում, նշել է, որ Պապի ներկայությունը երեք հիմնական ուղերձ է փոխանցում՝ քրիստոնյաների միասնականությունը, Միջին Արևելքում քրիստոնեությունը պաշտպանելու կարևորությունը և պատմական վերքերը բուժելու ճիշտ մեթոդը:
«Այս այցը կարևոր կլինի, քանի որ Սուրբ Հայրն այցելում է հնագույն քրիստոնյա եկեղեցիներից մեկը, որը շրջապատված է ոչ քրիստոնյա ուժերով: Նրա այցը ոչ միայն Հայաստանում քրիստոնյաների, այլև Միջին Արևելքում այժմ այդքան տառապանքներ կրող քրիստոնյա ընտանիքներին աջակցության նշան է»,- ասել է նա:
Հոդվածագիրը նաև նշում է, որ Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապը հայկական մշակույթը գնահատել և պատվել է դեռևս Բուենոս Այրեսում որպես օգնական եպիսկոպոս ծառայության ժամանակ: Նա ընկերացել է այդ ժամանակ եպիսկոպոս Ջորջ Բերգոլիոյի հետ, ով, ինչպես ինքն է հիշում, չափազանց համակրանքով և կարեկցանքով էր վերաբերում հայերի հետապնդումների պատմությանը: Նա այդ ժամանակ պատարագներ էր մատուցում Բուենոս Այրեսի մայր տաճարում հայ նահատակների համար և մասնակցում էր հայկական տոնակատարություններին:
2010 թվականին, երբ նա Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, ավանդական հայկական խաչքար է տեղադրել մայր տաճարում՝ ի հիշատակ զոհերի: Արքեպիսկոպոս Մուրադյանի խոսքով՝ ապագա Պապն անգամ ասում էր, որ ցանկանում է թաղվել տաճարի խաչքարի տակ:
Հեղինակը նշում է, որ Կովկասում աշխարհաքաղաքական մթնոլորտը մասնավորապես լարված է դարձնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից ի վեր Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցները և Ռուսաստանի դաշնակցի՝ Հայաստանի դեմ Թուրքիայի աճող մեղադրանքները վերակենդանացրել են տարածաշրջանում պատերազմի տեսիլը: Ահա այս եռացող կաթսան է գնում Ֆրանցիսկոս պապը, գրում է հեղինակը:










