Գեզի պուրակի հետ կապված Էրդողանի պլանները կրկին կսրեն երկրում իրավիճակը. Die Zeit
Գերմանական Die Zeit պարբերականի վերլուծաբան Զիա Վայզեն Ստամբուլից հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին Գեզի պուրակում շինարարություն սկսելու ցանկություն է հայտնել։
Շինարարության առաջին փորձը կասեցվել էր Թուրքիայի քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված ցույցերի միջոցով։ Վերլուծաբանը կարծիք է հայտնում, որ նախագահի երկրորդ փորձն ավելի կպառակտի առանց այն էլ վատ վիճակում գտնվող երկիրը, մանավանդ՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013 թվականի ամռանը Թուրքիան հայտնվել էր արտակարգ իրավիճակում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների լայնածավալ ցույցերի պատճառով, որոնք հանդես են եկել Էրդողանի ու նրա կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Ցույցերի հիմնական դրդապատճառներից մեկը եղել է հենց Գեզի պուրակում շինարարություն սկսելու որոշումը։
Մեջբերելով Էրդողանի խոսքը՝ վերլուծաբանը նշում է, որ վերջինս ցանկանում է զորամասի հարևանությամբ պատմական շինություններ կառուցել՝ մզկիթ ու օպերային թատրոն, ինչին քաղաքացիները թերահավատորեն են մոտենում։
Զիա Վայզեի ուսումնասիրությունների համաձայն՝ քաղաքական իրավիճակը Թուրքիայում գնալով միայն սրվելու է, իսկ հասարակությունը՝ պառակտվելու։ Այդ են վկայում բազմաթիվ անհիմն հետապնդումներն ու ազատազրկումները, որոնց զոհ են դառնում գիտության ու մշակույթի ներկայացուցիչները, լրագրողներն ու պարզապես իրենց իրավունքների մասին բարձրաձայնող քաղաքացիները։
«Երկրում վախի մթնոլորտ է տիրում։ Թաքսիմի հրապարակը, որտեղ ժամանակին հավաքվում էին ցուցարարները, դարձել է անհասանելի ու արգելված տարածք, որտեղ մարդիկ հնարավորություն չունեն ոչ միայն իրենց կարծիքն արտահայտելու, այլև պարզապես խաղաղ երթերի մասնակցելու։ Մարդկանց հանդեպ կիրառվում է բռնի ուժ, ամբոխը ցրելու համար օգտագործվում է արցունքաբեր գազ, ինչին ինքս մի քանի օր առաջ ականատես եղա», - հաղորդում է վերլուծաբանը։










