Հռոմի պապն արդեն Հայաստանում է (տեսանյութ)
Մեկնարկեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Րոպներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան մի շարք հյուրեր դիմավորեցին նրան:
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցը կոչել է ուխտագնացություն, որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության Twitter-ի միկրոբլոգից տեղեկանում ենք, որ մոտ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, որից կեսը միջազգային մամուլի ներկայացուցիչներ են:
Նախապես հրապարակված այցի ժամանակացույցի համաձայն՝ այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:










