Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ մարզերից ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք սահմանափակելու հարց չկա քաղաքային իշխանության օրակարգում: Ավինյանն այդ մասին խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ շեշտելով, որ մայրաքաղաքում առկա են ավտոմեքենաների մեծ հոսքի և հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու հետ կապված խնդիրներ։
«Մարզերի բնակիչների՝ Երևան մուտքի սահմանափակման հարց չկա մեր օրակարգում։ Այս հարցի շուրջ աղմուկը սխալ վերնագրերի արդյունք է։ Երևանում առկա են ավտոմեքենաների մեծ հոսքի և հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքի խնդիրներ։ Այս պարագայում այլ լուծում չկա, քան տալ հանրային տրանսպորտին առաջնահերթություն՝ ավելացնելով ավտոբուսային գծերը։ Միաժամանակ, պետք է սահմանափակել մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը մայրաքաղաքի տարբեր հատվածներով։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սկսի կանոնավոր աշխատել։ Մարդիկ իմանան, որ կանգառում գրված ժամանակացույցին համապատասխան ավտոբուսները գալու են»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև վաղ առավոտյան և աշխատանքային օրվա ավարտին մետրոպոլիտենի գերծանրաբեռնված երթևեկության խնդրին՝ նշելով, որ իրենք պարբերաբար ավելացնում են վագոնների քանակը։
Ավինյանը հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի արդիականացման ծրագրի իրականացման համար Կառավարությունից ունի վերջնական հաստատում։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ քաղաքային իշխանության ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի մարզերից Երևան ժամանողները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։
Այս հայտարարությունը քննադատության ալիք էր բարձրացրել ու պնդումների տեղիք տվել, թե Երևանի քաղաքապետարանը ծրագրում է արգելել մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան։ Սուրեն Գրիգորյանը հետագայում հերքել էր այդ պնդումները՝ շեշտելով, որ ինքը չի խոսել որևէ ավտոմեքենայի մուտք Երևան սահմանափակելու մասին, այլ խոսել է ռազմավարության մասին, որ այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, երբ քաղաքացիները իրենց կամքով կնախընտրեն մեքենաները քաղաքի մուտքի մոտ թողնելն ու հանրային տրանսպորտով երթևեկելը, քանի որ այդպես ավելի հարմարավետ կլինի։










