«Որևիցե մեկը իմ պարտքերը ոչ փակել է, ոչ էլ ցանկություն ունի փակելու». Սամվել Բաբայան

18:09 • 06.07.16

Tert.am-ի հարցերին պատասխանում է օրերս կրկին Արցախ վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

-Պարո՛ն Բաբայան, այժմ Դուք Արցախում ի՞նչ հանդիպումներ եք ունենում և ի՞նչ ծրագրեր ունեք:

- Առանձնապես ոչ մի հանդիպում չեմ ունենում, զուտ անձնական գործերով եմ եկել: Ծանոթ մարդիկ կան, եթե գալիս են, բարևում են, բարևում եմ, եթե չէ, չէ: Ներքաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում:

- Ասել է թե՝ դեռ չե՞ք սկսել քաղաքական գործունեությունը:

- Ընդհանրապես չեմ էլ ուզում սկսեմ:

- Հնարավո՞ր է՝ պատճառը Հայկ Խանումյանի ծեծն էր ու իշխանության վերաբերմունքը Ձեր վերադարձին:

- Խանումյանի ծեծով չէին կարողանալու վերաբերմունք փոխեին: Ես էդքանը պարզ գիտեի, տեղյակ եմ՝ ինչ ա կատարվում, ինչ է լինում: Հասարակությունը պետք ա իր ապագան որոշի, պարոն Բաբայանով չի: Հասարակությունը պետք է ինքն իրենով հասկանա՝ ուր է գնում, ճիշտ ճանապարհի վրա՞ է, թե չէ: Թե չէ, եթե հասարակությունը ցանկություն չունի, ինչքան էլ դու քաղաքականությամբ զբաղվես, չես կարա ոչ մի բան փոխես:

- Բայց հասարակությունը բավական բազմամարդ բանակով եկել էր Ձեզ դիմավորելու, այսինքն՝ հետաքրքրություն, ցանկություն կար:

- Հետարքրքություն կա, բազմամարդ եկել էին, կարող էին մի քանի անգամ ավել գային, բայց քանի որ իշխանությունը փորձել է փակի էդ ճանապարհը, հասարակությունը հասկացել է, որ ինքը խնդիր ունի լուծելու: Իրենք գիտեն՝ ինչով պետք է զբաղվել: Դրա համար կխմբվեն, Դուք էլ կտեսնեք, եթե դա է Ձեզ հետաքրքրում:

- Իսկ Դուք հիմա քաղաքական որևէ ուժի հետ համագործակցո՞ւմ եք։ Ասել էիք, որ գաղափարակիցների հետ հնարավոր է համագործակցեք:

- Ոչ։ Երբ որ ժամանակը կգա, ես կտեսնեմ, որ իրոք էդ ուժերը անկեղծորեն հասարակության համար են պայքարում, կաջակցեմ իմ հնարավորության չափ: Բայց եթե էսօր ես չեմ տեսնում դա, դեռ խաղ եմ տեսնում, ամեն քաղաքական ուժ իր խաղն ա խաղում, ես որևիցե մեկին ոչ աջակցելու, ոչ սատարելու կարիք չունեմ: Իմաստ էլ չեմ տեսնում:

- Հայաստան վերադառնալու սկզբում Դուք կարծես նաև քաղաքական հայտ էիք ներկայացրել: Այսպիսով՝ Ձեր առաքելության քաղաքական մասն ավարտվե՞ց:

- Ես ո՞նց կարամ քաղաքական հայտ ներկայացնել, եթե ես առաջին իսկ օրից ասել եմ՝ որևիցե պաշտոնի ակնկալիք չունեմ: Որևիցե քաղաքական ուժի հետ չեմ միանում, որևէ կուսակցության անդամ չեմ դառնում: Որտեղի՞ց վերցրեցիք, որ ես քաղաքական հայտ եմ ներկայացրել: Ես մտահոգված եմ մեր երկրով և փորձում եմ էն, ինչ որ ես եմ հասկանում անել, որ վտանգի տակ չլինենք: Ուրիշ ոչնչով, անկեղծ, չեմ զբաղվում: Կարող ա՝ մարդիկ իրանց համար ենթադրություններ են անում, կինո են պատմում, ուզում են իմ արտահայտությունը քաղաքականացնել, դա իրանց խնդիրն է:

- Ասել է թե՝ չե՞ք ուզում ԼՂՀ պաշտպանության նախարար դառնալ:

- Իհարկե ոչ: Քաղաքական թիմ գոյություն ունի էսօր, ես գնում եմ, մտնեմ էնտեղ՝ ի՞նչ անեմ: Էդ թիմի մեջ ինձ տեսնո՞ւմ եք, իհարկե չեք տեսնում:

- Ուղղակի այդ դեպքում կողքից փոփոխություն անելը շատ դժվար չի՞ լինի:

- Ես փոփոխություն չեմ անում: Ես ասում եմ՝ այս վտանգը կա մեր առաջ, վտանգը հեռու չի, բերեք, էս փոփոխությունն արեք, իսկ եթե վաղը չկարողացաք փոխզիջումներով խնդիրը լուծեք ու եկաք նոր պատերազմի ու սա բաց թողնեք, լուրջ պրոբլեմ եք ունենալու: Հետո չասեք, ոչ մեկը չխոսեց: Ես սա եմ ասել ու ցուցակ ներկայացրել. կընդունեն, չեն ընդունի, դա իրանց խնդիրն ա:  

- Իսկ Ձեր ծրագրերը որո՞նք են։ Եթե քաղաքականությամբ չեք զբաղվելու, ապա ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք տեսնում Ձեր առաքելությունը։ Ասել էիք, որ Ձեր առաքելությունը տեսնում եք Արցախում:

- Արցախում ես տեսնում եմ հետևյալ կերպ՝ խորհուրդ տալ, որ բանակը հզորանա, ուրիշ ոչ մի կերպ: Ու բանակն ունենա իր արդիական զենքերը, որ պատրաստ լինի ցանկացած խնդիրները լուծելու:

- Սակայն փաստորեն Սեյրան Օհանյանն ասում է, որ Դուք Ձեր կատարելիքն արդեն արել եք, որ ռազմական գաղտնիքներ եք բացահայտում:

- Ես չգիտեմ, չեմ լսել, որ նման բան է ասել Ձեր ասած անձնավորությունը, որ ռազմական գաղտնիք կամ ինչ-որ հարցեր: Ամեն ինչ ժամանակն է գնահատում: Շատ քիչ համբերություն,  ու ժամանակն ամեն ինչի պատասխանը տալու է:

- Պարո՛ն Բաբայան, Արցախի իշխանությունները սկզբում համաձայնել էին Ձեզ հետ հանդիպել, սակայն հետո հրաժարվեցին, դա ինչպե՞ս եք գնահատում:

- Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, նման բան չի եղել: Որևիցե իշխանության հետ ոչ ցանկություն եմ ունեցել հանդիպել, ոչ էլ դիմավորման խնդիր ա եղել: Ինձ անկեղծ եկել էր իմ ժողովուրդը տեսնելու, իմ կողքին լինելու, էդքանը: Իշխանություն ինչքան ունեցել եմ, ինձ հերիքում ա: Նորից կարիք չունեմ...: Հետո Ղարաբաղը էսօր տենց հեշտ պրյանիկ չի, մեծ բեռ ա, տակը մտնողը պիտի կարողանա պատասխան տա։   

- Պարո՛ն Բաբայան, եթե Դուք պաշտոն չունենաք բանակում, ինչպե՞ս եք պատկերացնում բանակի հզորացմանը Ձեր աջակցությունը, ի՞նչ կարող եք անել: Հատկապես, երբ ասում են, որ Դուք ձեր անելիքն արել, վերջացրել եք:

-Ես առաջարկներ եմ արել թղթի վրա, թե ինչ զենքեր են պետք, ինչ է պետք, մնացածն արդեն իրենց խնդիրն է: Եթե կարան ավելի լավ բան առաջարկեն, ուրեմն իրանք խելոք են, եթե չեն կարա, ուրեմն պիտի ընդունեն էն, ինչ որ ասում են: Ժամանակն ամեն ինչի պատասխանը տալու է:

-Պարո՛ն Բաբայան, մամուլում գրվեց Ձեր բիզնեսի ու պարտքերի մասին, ասվեց, որ հնարավոր է պարտատերերի ցուցակ հրապարակվի:

- Ցանկացած մարդ անձնական խնդիրներ ունի, ասենք՝ ունի վարկեր բանկում: Ես իմ վարկերի հարցով իմ անձնական հարցը հրապարակային չեմ քննարկում: Եթե ինչ- որ մեկի հետ տալիք-առնելիք ունեմ, ես գիտեմ ու էդ մարդը: Եթե բողոք կա դատախազությունում, ապա այլ հարց ա, եթե չկա, թողեք, ես իմ անձնական հարցերը ես գիտեմ:

-Ասվեց նաև, որ իշխանությունը փակել է Ձեր պարտքերը, դա ճի՞շտ է:  

- Որևիցե մեկը իմ պարտքերը ոչ փակել ա, ոչ ցանկություն ունի փակելու: Իմ պարտքերը ես եմ փակում կամաց-կամաց իմ ուժերով: Թողեք ես իմ անձնական կյանքով ապրեմ: Հայաստանում մի 5 հոգու անուն ես գիտեմ, որ իմ պարտքերը «փակել են», էդ ինչքա՞ն պարտքեր ունեմ, որ փակում են, փակում են, չի պրծնում: 

- Պարո՛ն Բաբայան, իսկ ծանոթացե՞լ եք Ղարաբաղի սահմանադրական փոփոխություններին և ո՞րն է Ձեր տեսակետը:   

- Ես չեմ ծանոթացել՝ ինչ է փոխվում Ղարաբաղի Սահմանադրության մեջ, քանի որ չեմ զբաղվում քաղաքականությամբ:

- Պատրաստվո՞ւմ եք շարունակել մնալ Արցախում:

- Ես լինելու եմ Արցախում, հետ Երևանում, հետո նորից Արցախ կգամ: Я - птица вольная! Куда хочу - туда лечу!