Խորենցի փողոցում տեղի ունեցող իրադարձությունները. 8 օրերի խրոնիկա

12:51 • 24.07.16

8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո:

Այս դրամատիկ իրավիճակը թեպետ երեկ հանգուցալուծվեց խմբի կողմից անազատության մեջ պահվող ոստիկանության 4 աշխատակիցների, այդ թվում `ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազատ արձակմամբ, սակայն դեռևս շարունակում են գնդի տարածքում մնալ «Սասնա ծռեր» խմբի անդամները:

Ինչպես երեկ ՊՊԾ գնդի տարածքում հրավիրված ասուլիսին հայտարարեց խումբը, հիմանական պահանջը մնում է նույնը՝ հրաժարական և իշխանափոխություն, ինչպես նաև՝ հնչեցված առաջին պահանջը` Ժիրայր Սեֆիլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Հայտարարվեց նաև, որ եթե իշխանությունը փորձի գրոհի գնալ ու ուժով վերցնել ՊՊԾ-ն, հարյուրավոր զոհեր կլինեն, քանի որ խմբի անդամների մի մասը լավ զինված են և տիրապետում են զենքերին: 

Ինչպես երեկ «Սասնա ծռեր» խմբի ասուլիսին հայտարարեց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, այս իրավիճակը պետք է շարունակվի մինիմումը 15 օր, մաքսիմումը՝ 1 ամիս, որի ընթացքում պետք է գտնվեն խելամիտ լուծումներ:

Ինչպես ավելի ուշ պարզաբանվեց, ՊՊԾ գնդի գրավման գործողությունների արդյունքում հուլիսի 17-ի առավոտյան զոհվեց նշված ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը վիրավորվեցին: Իսկ «Սասնա ծռերից» վիրավորվեց ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը:

Նշենք, որ իրավիճակը, հատկապես, լարված էր հուլիսի 20-ին, երբ ցուցարաների ու ոստիկանների միջև տեղի ունեցան կոշտ բախումներ, ինչի հետևանքով` կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք քարեր ու «պուգաչներ» նետեցին ոստիկանների ուղղությամբ:

Այս գործողությունների հետևանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեց 51 անձ՝ ոստիկաններ ու քաղաքացիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց, վտանգ չի սպառնում:

Նույն գիշերվա ընթացքում բերման ենթարկվեցին 136 անձինք, որոնցից 16 ձերբակալվեցին ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ավելի ուշ կալանավորվեցին ևս մի քանի անձինք, ովքեր մեղադրվում էին խմբի հետ հանցավոր կապեր ունենալու և/կամ զանգվածային անկարգությունների հրահրման մեջ:

Անազատության մեջ պահվող ոստիկաններին ազատ արձակելուց 1 օր առաջ, հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր մոտ տեղի ունեցած Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության և Քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու և կոչ արեց զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

«Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը»,-կոչ արեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ իրավապահ մարմինների ղեկավարներին էլ հանձնարարվեց գործունեությունը շարունակել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում, ինչպես նաև՝ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հույս է հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ավելի վաղ կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանը սառը կդատի ու ողջամիտ որոշումներ կկայացնի խնդրի վերաբերյալ։

Մովսես Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները ունեցան նաև ակտիվ միջազգային արձագանք. եղան ՀՀ ԵՄ պատվիրակության, ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքները, որոնցում դատապարտվում էր զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: 

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Իսկ ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոներն էլ հայտարարեց. «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում և այլուր, և խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»: Ավելին` ՌԴ-ն հավել հանդես եկավ, այն է` ԵՄ պատվիրակության հայտարարության մեկնաբանությամբ` նշելով, որ Եվրամիության դիվանագետները սիրաշահում են Հայաստանում «իրադրությունը սրող» ուժերին՝ «մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները» և/կամ իշխանություններին կոչ անելով՝ հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև՝ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»:

Վերջին երկու օրերին` իրադարձությունների հանգուցալուծման գործում, ինչպես հայտնի է, ակտիվ դերակատարություն ուներ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, սակայն ինչպես երեկ ավելի ուշ հաղորդեց Վարուժան Ավետիսյանը` Բալասանյանն այլևս միջնորդական առաքելություն չի իրականացնելու, և «Սասնա ծռերը» բանակցում է այլ անձանց հետ` միջնորդական առաքելություն ստանձնելու համար: Անունը կամ անունները կհրապարակվեն բանակցություններից հետո:

Զուգահեռաբար, իր լիազորություններից երեկ կրկին հրաժարվեց Խորենացի փողոցում ակտիվ դերակատարություն ունեցող Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե «Նիկոլն արյան վրա իր ձեռքերն ա տաքացնում»:

Նիկոլ Փաշինյանը, ով անցած օրերին փորձում էր այնպես անել, որպեսզի Էրեբունի ոստիկանության մոտ հավաքված մարդիկ չդիմեին ուժային և սդրիչ գործողությունների, հավելեց, որ իր բոլոր լիազորությունները հանձնում է «Սասնա ծռերի» ու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ սերտ կապեր ունեցող Ալեք Ենիգոմշյանին: