Հնարավոր է կառուցել եվրոպական երկիր եվրասիական տարածքում. Ա. Աշոտյանը հույս ունի, որ տարեվերջին ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը կստորագրվի
Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային իրավական նոր փաստաթուղթը կստորագրվի տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ նոր իրավական հիմքի ստեղծումը օրհասական է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար: Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ Հայաստանում կատարվող բարեփոխումները՝ քաղաքական համակարգի փոփոխություն, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, կատարվում են հենց այս շրջանակներում:
- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԵՄ բանակցվող փաստաթղթի բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը: Ի՞նչ փուլում է փաստաթղթի գործընթացը, ո՞ր կետին ենք հասել:
- Բովանդակային հարցերը ճիշտ կլինի ուղղել բանակցող գերատեսչություններին: Ես կարող եմ տալ քաղաքական գնահատական: Եվրամիությունը, լինելով բարդ վերազգային կառույց, ենթադրում է երկարատև, մանրակրկիտ աշխատանք, այդ թվում՝ հաստափոր, հարյուրավոր էջերից կազմված փաստաթղթերի վրա: Աշխատանքի եվրոպական մշակույթը պահանջում է նախապես պայմանավորվածություն գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ նկարագրություններով, փոխադարձ իրավունքներով, պայմանավորվածություններով, ուստի նման տեսակի փաստաթղթերը, որպես կանոն, երկար են քննարկվում: Կարծում եմ, որ լավատեսություն պետք է ունենանք ժամկետների հետ կապված:
Հերթական փուլով, հույս ունեմ, քննարկումները կսահմանափակվեն ու բանակցող կողմերը կգան ընդհանուր հայտարարի փաթեթի շուրջ ու փաստաթղթի նախագիծը կստորագրեն: ՀՀ համար խիստ կարևոր է եվրոպական ուղղության ճանապարհին այդ հաջողությունը գրանցել: Հաշվի առնելով ԵՄ ներսում առկա, առաջացող ՝ մարտահրավերները, ինչպիսիք են Միացյալ Թագավորության լքումը՝ Brexit-ը, փախստականների խնդիրը, վերջերս օրակարգ մտած Եվրոպական զինված ուժերի խնդիրը, Եվրամիությունը միշտ ունենալու է սեփական օրակարգ, և շատ կարևոր է նման ժամանակահատվածում ֆիքսել երկկողմ հարաբերությունների գերակայությունները ու տալ հարաբերություններին իրավական նոր փաթեթավորում:
Հետևաբար, ՀՀ-ԵՄ շրջանակային նոր իրավական դիրքը քաղաքական կարևորության փաստաթուղթ է ոչ միայն ՀՀ համար, այլև՝ ԵՄ-ի, որը դեռևս անցյալ տարի հայտարարել էր Արևելյան գործընկերության քաղաքականության վերանայման մասին: Հայաստանում անցկացվող շարունակական բարեփոխումները՝ քաղաքական համակարգի, տնտեսական ոլորտի, լավագույն ազդակն են ԵՄ համար, որ Հայաստանը շարունակում է իր ճանապարհը ժամանակակից պետություն կառուցելու ուղղությամբ: Հատկապես, ուզում եմ շեշտել Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռքբերված քաղաքական կոնսենսուսն ու դրա կարևորումը մեր միջազգային գործընկերների կողմից:
- Ձեր կարծիքով, ԵՄ-ՀՀ համագործակցությունը հանրային պահա՞նջ է:
- Վստահ եմ: Հայաստանի հասարակությունը հետաքրքրված է նման համագործակցության հեռանկարներով և ակնհայտ է, որ այն ունի ներքին կարևորություն:
- Պարոն Աշոտյան, կարելի՞ է ասել, որ ըստ էության, նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտին են մոտենում:
- Ես հույս ունեմ, որ տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին համաձայնագիրը կստորագրվի:
- Դեռևս բանակցությունները չմեկնարկած քաղաքական շրջանակները հարց էին հնչեցնում՝ ի՞նչ է տալու նոր փաստաթուղթը, ասում էին, որ դա ընդամենը ձևական քայլ է՝ ցույց տալու, որ իշխանությունները չեն սխալվել «և-և»-ի քաղաքականության հարցում: Հիմա, երբ բանակցություններն ավարտին են մոտենում, կարո՞ղ եք ասել, ի վերջո, ի՞նչ է տալու այս փաստաթուղթը Հայաստանին, ի՞նչ օգուտ ունի մեզ համար:
- Վստահաբար, նոր իրավական հիմքի ստեղծումը օրհասական է ԵՄ-ՀՀ հարաբերությունների համար: Համագործակցությունն ապահովող շրջանակային նախորդ փաստաթուղթն իր հիմնական ուղղություններով իրեն սպառում է, ու հեռահար նպատակներով փոխգործակցության շարունակության համար իրավական նոր հիմք է պետք ստեղծել: Նման փաստաթուղթը կարող են ձևական կոչել նրանք, ովքեր ծանոթ չեն: Այդ փաստաթղթի դետալներին ես էլ ծանոթ չեմ, բայց ի տարբերություն նման քննադատության, կարող եմ այդ համաձայնագրի քաղաքական ու տնտեսական դրական հետևանքների մասին խոսել:
Ակնհայտ է, որ վերանայելով իր քաղաքականությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ն թիրախային համագործակցության կարիք է ստանում: Հայաստանն էլ դրա կարիքն ունի: Խոսքը չի գնում միայն հնարավոր ֆինանսական համագործակցության կամ ինտենսիվ առևտրաշրջանառության մասին, խոսքը՝ նման հարաբերությունների հասարական-քաղաքական հեռանկարների մասին է: եթե մենք իրոք հավատում ենք եվրոպական արժեքներին՝ մարդու իրավունքներով, ազատություններով, դեմոկրատական ինստիտուտներով և այլն, ապա նման երկիր պետք է կառուցենք՝ ելնելով մեր հավատամքից: Ես հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական երկիր եվրասիական տարածքում: Ի դեպ, խորհրդարանական հանրապետության մոդելը, որին մենք անցում ենք կատարել, դրա արտահայտումներից մեկն է: Հենց եվրոպական երկրներում են կիրառվում պառլամենտական կառավարման համակարգերը:
- Բայց կարևոր շատ արժեքներ Հայաստանում չեն կիրառվում:
- Մենք ԵՄ անդամ երկիր չենք: Մի մոռացեք՝ ինչպիսի ճանապարհ ենք անցնում մենք, և ինչ ճանապարհ են անցնում ԵՄ անդամ-պետությունները և դրանցով շրջապատված երկրները: Հեշտ է լինել այդպիսի երկիր, եթե հարևաններդ Գերմանիան ու Ֆրանսիան են ու դժվար է լինել երկիր, երբ հարևաններդ Թուրքիան ու Ադրբեջանն են:
- Քաղաքագետներից մեկը կարծիք էր հայտնել, որ նախընտրական շրջանում այս փաստաթղթի ստորագրումը իշխանությունների համար հավելյալ դիվիդենտներ ստանալու առիթ է, բացի այդ, հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԵՄ-ն աջակցում է գործող իշխանություններին: Այս վտանգն իսկապես չկա՞:
- Չգիտեմ՝ ով է նման կարծիք հայտնել, բայց կարող եմ ասել, որ իհարկե, հայկական քաղաքական իրականության մեջ նման կարճատեսական կարծիքներ կարող են հնչել ու կհնչեն: Բայց եկեք չսևեռվենք նման կարծիքների վրա, որոնք փորձում են կանխագուշակել 100 մետր հեռավորության վրա, այն դեպքում, երբ նման համաձայնագրերը հորիզոններ են բացում, ոչ թե հեռավորություն են ֆիքսում:
Քաղաքական շահարկումները՝ նման կարևորության փաստաթղթերի դեպքում անտեղին են: Թեպետ անհերքելի է նաև հանգամանքը, որ բանակցություններն իրականցվել են գործող իշխանություններ կողմից ու հուսամ, որ հաջողությամբ կպսակվեն, որովհետև դա ոչ այնքան իշխանությունների հաջողություն է, այլ՝ Հայաստանի: Իսկ «արևմտամետներին» կհորդորեմ տեսնել այդ փաստաթղթի բացած հորիզոնները:










